19 03 2018

Հինգ շրջանների հանձնման հարց չկա. Շավարշ Քոչարյան

Հինգ շրջանների հանձնման հարց չկա. Շավարշ Քոչարյան

Պետք է հստակ գիտակցենք, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով անընդունելի է խոսել բանակցային գործընթացում որևէ զարգացման մասին: Մարտի 19-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ընտրություններից հետո կսկսվեն ինտենսիվ բանակցություններ: «Խոսելով բանակցությունների մասին՝ մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ նախ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են և ուղղակի հայտարարում են և՛ Վիեննայի, և՛ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»,-ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ որպեսզի բանակցային գործընթացում հնարավորություն լինի խոսել առաջընթացի մասին, անհրաժեշտ է, որ կողմերի միջև լինի վստահություն:  «Վստահության անհրաժեշտ մասը նրանում է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Այդ իսկ պատճառով խոսվել է և՛ հետաքննության մեխանիզմի զարգացման մասին, և՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Դա անհրաժեշտ պայման է, և առանց դրա վստահություն չի լինի»,-ասաց նա: Դիտարկմանը, թե արդյո՞ք քննարկման առանցքում հինգ շրջանների հանձնումն է՝ հաշվի առնելով, որ «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, թե կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին, Քոչարյանը հակադարձեց, թե դա Ադրբեջանի ցանկությունն է, որն ինքը պարբերաբար կամ իր շուրթերով կամ այլկերպ փորձում է սփռել:  «Մենք դրան լուրջ չենք էլ վերաբերվում, որովհետև այդպիսի բան գոյություն չունի»,-ասաց նա և կոչ արեց «ադրբեջանական ցանկությունը չտիրաժավորել»: Շավարշ Քոչարյանը անդրադարձավ նաև Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:

«Հայ-ռուսական հարաբերություններն ավելի հիմնային բազա ունեն: Ինչ վերաբերում է Պուտինի ընտրությանը, ապա տարիների ընթացքում ինքն է ղեկավարել, և մենք իրար հետ ունենք երկարատև համապատասխան ձևավորված հարաբերություններ, և կարծում եմ, որ դրանք կշարունակվեն»,-ասաց նա:  Հարցին, թե այսինքն՝ դա լավագույն ե՞լքն էր ՀՀ-ի համար, Քոչարյանը նշեց, թե ՀՀ-ն իրավունք չունի գնահատել լավն ու վատը, երբ որևէ երկրում տեղի է ունենում ընտրություն, դա այդ երկրին է վերաբերվում։ «Եթե որևէ երկրի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ, դա մենք չպետք է պայմանավորենք իրենց ներքին քաղաքական զարգացումներով»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե, ըստ նրա, ինչո՞վ էր պայմանավորված երեկ Երևանում ՌԴ դեսպանատանը ընտրություններին բավական ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը, Քոչարյանը նշեց, թե ՌԴ քաղաքացիներ են եղել և մասնակցել են ընտրության: Դա խոսում է նրա մասին, որ երկրի քաղաքացիները մասնակցում են ընտրությունների: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ