Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է, որ Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում դռները բաց են, իսկ «աթոռը դրված է»։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հենց ամենասկզբից բոլորը համաձայնեցին, որ մեզ մոտ հենց «3+3» ձևաչափն է, և որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման տարակուսանքներն ու նրբությունները, բայց որ Վրաստանի ներկայացուցիչների համար աթոռ միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով Պետդումայում:
Նա հիշեցրել է, որ այդ մոտեցումը հաստատվել է նախարարների վերջին հանդիպման ժամանակ։
«Մենք վրացական կողմին հաստատել ենք, որ դռները բաց են, աթոռը դրված է», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։Լավրովի գնահատմամբ՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հենվում է երկրի ազգային շահերի վրա։
«Իսկ այն, որ «3+3»-ը ի շահ բոլոր մասնակիցների է, կասկած չի հարուցում», - նշել է նախարարը։ Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցողական կազմակերպության»։
Լավրովն աջակցել է պատգամավորների առաջարկին՝ ստեղծելու «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ համագործակցության լրացուցիչ մեխանիզմների կազմակերպման համար։
«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այս ձևաչափին։ 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել երեք հանդիպում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը