Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում բանավեճ է տեղի ունեցել անդամ երկրներում 2024թ. իրավիճակի մասին։ Արդյունքում՝ ընդունվել է N 2 580 բանաձևը, որում ասվում էր, որ ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Մոնիթորինգի հանձնաժողովի աշխատանքը, որը վերահսկում է իրավիճակը 14 երկրներում։
Փաստաթուղթը մտահոգություն է հայտնել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում և Վրաստանում ժողովրդավարական հետընթացի և մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։
Մասնավորապես, վեհաժողովը «լուրջ մտահոգված է Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետագա վատթարացմամբ, մասնավորապես՝ շարունակվող բռնաճնշումները քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և իշխանության այլ քննադատների նկատմամբ»։
Բանաձևը կոչ է անում իշխանություններին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են քաղաքական դրդապատճառներով։
Իշխանություններին կոչ է արվում փոխել քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների մասին օրենքները՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։
Վեհաժողովը նաև խստորեն դատապարտում է իշխանությունների հրաժարումը՝ համագործակցել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ։
Բացի այդ, վեհաժողովը դատապարտել է ԵԽԽՎ-ին 2024թ. արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն հրավիրելու մերժումը։
«Միջազգային դիտորդների կարծիքով՝ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և անցկացվել են խոսքի, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների պայմաններում»։
«Վեհաժողովը խստորեն դատապարտում և անընդունելի է համարում 2024թ. օգոստոսին Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունն այն մասին, որ ԵԽԽՎ 76 անդամներ, որոնք կողմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցմանը, համարվել են պերսոնա նոն գրատա»։
ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել այս արգելքը և կառուցողական երկխոսություն սկսել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ բոլոր չլուծված հարցերի շուրջ։
Նշվել է նաև, որ ԵԽԽՎ-ն շարունակում է վերահսկել իրավիճակը Արցախի ղեկավարության և այլ ռազմագերիների հարցում՝ Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել այդ մարդկանց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը