23 01 2025

Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան

Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և  մյուս  15 հայերին առաջադրված մեղադրանքները  որակել է  որպես «քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»:

Նա ընդգծել է, որ դատավարությունները, որոնք անցկացվում են զինվորական դատարանում՝ չնայած բանտարկյալների քաղաքացիական կարգավիճակին, զուրկ են թափանցիկությունից և անաչառությունից:

Որպես այս դատավարությունների հիմնական առանձնահատկություն նա  առանձնացրել է հետևյալ կետերը՝

Դռնփակ  գործընթաց: Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Արգելվել է միջազգային լրատվամիջոցների և անկախ դիտորդների մուտքը:

Օրինական իրավունքների խախտում: Ռուբեն Վարդանյանին մերժվել է իր փաստաբանի հետ շփումը, նա չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հիմնական իրավական փաստաթղթերին, օրինակ՝ 400 էջանոց մեղադրական եզրակացությունը, որը գրված է ադրբեջաներեն, որին Վարդանյանը չի տիրապետում:

Խոշտանգումներ: Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումների, այդ թվում՝ մենախուց, սննդից և ջրից զրկում և մշտական խիստ հսկողության պայմաններ:

Գենսերն ընդգծել է, որ այս դատավարությունները Արցախի ղեկավարությունը կազմաքանդելու, ինքնորոշման ջանքերը ճնշելու և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու ավելի ընդգրկուն արշավի մի մասն են։

Վարդանյանի միջազգային իրավապաշտպանը վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրելու Ադրբեջանի նկատմամբ, ներառյալ՝ հնարավոր պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը։ Նա կարևորել է Թրամփի՝ նախկինում արված դատապարտումը՝ Արցախում էթնիկ զտումների հարցում, ինչը ենթադրում է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում կլինի նրա ղեկավարության ներքո։

ԱՄՆ-ի հարցում ունեցած լավատեսության ֆոնին՝ Գենսերը հիասթափություն է հայտնել Վարդանյանի և մնացած բանտարկյալների շահերի պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության սահմանափակ ջանքերի առնչությամբ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել՝ ավելի ակտիվ դերակատարություն ցուցաբերել միջազգային հանրության աջակցությունը ներգրավելու գործում։
Ջերարդ Գենսերը նաև հորդորել է հայկական սփյուռքին՝ միասնության և գործողության։

Նա ներկայացրել է կոնկրետ քայլեր, որոնք անհատները և համայնքները կարող են ձեռնարկել, այդ թվում՝

• Գրել հոդվածներ և փոխգործակցել լրատվամիջոցների հետ՝ ընդլայնելու և բարձրացնելու խնդրի մասին իրազեկվածությունը
• Համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ կառավարությունների և կառույցների վրա ճնշում գործադրելու համար
• Համագործակցել այլ հալածյալ համայնքների հետ՝ խթանելու գլոբալ համերաշխությունը:

«Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար։ Խոսքը միայն հայերի մասին չէ. խոսքն արժանապատվության և ազատության հիմնարար իրավունքի մասին է»,-նկատել է Գենսերը։

Չնայած մռայլ հանգամանքներին՝ Գենսերը հույսը չի կորցնում։ Կարծում է, որ միջազգային չդադարող քարոզչությունը և Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները, ի վերջո, կհանգեցնեն արդարության։

Նա ընդունում է Վարդանյանի և մնացած բանտարկյալների համար խիստ պատժի հավանականությունը, սակայն շեշտում է, որ նման գործողությունները հաճախ առաջացնում են համաշխարհային զայրույթ՝ ստիպելով ավտորիտար երկրների առաջնորդներին վերանայել իրենց կեցվածքը:

«Ռուբեն Վարդանյանի պատմությունը տոկունության վկայությունն է, և այն հիշեցնում է բոլորիս, որ արդարության համար պայքարը երբեք ապարդյուն չի լինում»,-իր խոսքը լավատեսորեն եզրափակել է Ջերարդ Գենսերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ