Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Կանոնադրության ամբողջական տեքստը։
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն
Նախաբան
Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝
Հաստատում են իրենց բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևորությունը: Նպատակադրվում են խորացնել իրենց գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների, և ընդլայնել համագործակցությունը փոխադարձ առաջնահերթությունների լայն շրջանակում:
Ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա: Դրանք ներառում են ժողովրդավարության և տնտեսական ազատության առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը:
Ընդգծում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում:
Բաժին I․ Գործընկերության սկզբունքները
Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա:
1.Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:
2.Կողմերի բարեկամությունը բխում է ժողովրդավարական արժեքների ընդհանուր հանձնառությունից և համոզմունքից, որ ժողովրդավարությունը, քաղաքական լեգիտիմության և, հետևաբար, կայունության գլխավոր հիմքն է:
3.Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը կնպաստի խաղաղության և կայունության խթանմանը:
4.Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։
5.Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը` դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ և դրանից դուրս:
6.Միացյալ Նահանգներն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ժողովրդավարական լայն համայնքի հետ:
7.Արժանապատիվ և հարատև խաղաղությունը հիմնարար է Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
8.Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։
9.Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս հանգեցնում է հարևանների միջև փոխկախվածության և փոխշահավետ հարաբերությունների, Միացյալ Նահանգները նաև նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը:
Բաժին II․ Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն
Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցությունը, բարելավելու երկկողմ գործարար միջավայրը և ապահովելու ապրանքների ու ծառայությունների շուկայական հասանելիությունը։
Կողմերը գիտակցում են, որ արդար, աշխատողակենտրոն ու կայուն առևտուրն էական է մատակարարումների դիմակայուն շղթաները, հավասարաչափ զարգացումը, ազատությունն ու բարեկեցությունն առաջ մղելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերին:
1.Ընդունելով առևտրի և ներդրումների ավելացման կարևորությունը տնտեսական աճի և զարգացման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդումների ավելացման ռազմավարական հնարավորությունները:
2.Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն ստանդարտներին համաձայն, էներգետիկ անվտանգության և արդյունավետության խթանման ջանքեր, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժնի զգալի աճ, ինչպես նաև տարածաշրջանային ու եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածությանն ուղղված միջոցառումներ:
3.Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումը, համադրելու քաղաքականության շրջանակները և փոխանակելու տեղեկատվությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգները նաև մտադիր են համատեղ երկխոսություն նախաձեռնել՝ ԱՄՆ Առևտրի քարտուղարության արտահման վերահսկվող տեխնոլոգիաներին Հայաստանում գործող վստահելի ընկերությունների կողմից առավել մեծ հասանելիության շուրջ:
4.Հասկանալով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի հասցեագրման և տնտեսական աճի խթանման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության հնարավորություններն այն ոլորտներում, որոնք կաջակցեն գյուղատնտեսական ապրանքների առևտրի միջավայրի ամրապնդմանը:
5.Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով:
Բաժին III․ Պաշտպանություն և անվտանգություն
Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։
1.Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին:
2.Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումը Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ ջանքերում: Եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթություն է, և կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերն՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը:
3.Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի միջոցները՝ միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և վերահսկողության ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը:
4.Հաշվի առնելով կառավարությանը, բիզնեսին և հասարակությանը վնասակար կիբեռդերակատարների կողմից տևական սպառնալիքը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ և մարդու իրավունքները հարգող թվային ապագայի ուղղությամբ: Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են շարունակել առկա կամ նոր կիբեռսպառնալիքների վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ կազմակերպել:
5.Միացյալ Նահագները մտադիր է շարունակել իրավունքները հարգող կառույցների խթանումը, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարարության և իրավապահ գերատեսչությունների բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցության միջոցով: Ակնկալվում է, որ նման աջակցությունը կներառի ոստիկանական կրթություն և այլ միջոցառումներ՝ ապահովելու հանրային անվտանգությունը, չարաշահումների համար պատասխանատուներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև անդրազգային հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Բաժին IV․ Ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդում
Հաշվի առնելով մինչ այժմ Հայաստանի նշանակալի ձեռքբերումները՝ մեր երկու երկրները հանձնառու են համատեղ աշխատանքներ տանել՝ անկողմնակալ, անկախ դատական ոլորտի ամրապնդման միջոցով օրենքի գերակայությունը խթանելու, խոսքի ազատությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների, լավ կառավարումը և հաշվետվողականությունը, հանրային կառավարման բարեփոխումները, արդար և թափանցիկ ընտրական մրցակցությունը, ազատ և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելի ամրապնդելու համար:
1.Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են համագործակցել՝ ամապնդելու անկախ լրատվական միջոցները, խոսքի ազատությունը և անաչառ լրատվության ու տեղեկատվության հասանելիությունը։
2.Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համագործակցել օրենքի գերակայության խթանման և այդ ոլորտում քաղաքականության մշակման գործընթացների առաջմղման նպատակով Հայաստանի ջանքերն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով դատական մարմինների անկողմնակալության և անկախության, հանրային վստահության և թափանցիկության, ինչպես նաև՝ վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղություններով:
Իրավապահ ոլորտի և դատական իշխանության հարաբերությունների, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման միջոցով կողմերը մտադիր են հասցեագրել ընդհանուր անդրազգային քրեական սպառնալիքները, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը ու կիբեռհանցավորությունը:
3.Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել Հայաստանի հակակոռուպցիոն նախաձեռնությունների ու ջանքերի, և այս ոլորտում քաղաքականության մշակման ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով հակակոռուպցիոն կառույցների և հանրային ծառայությունների բոլոր ոլորտներում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ։
4.Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և կանոնակարգող շրջանակները բարելավելու և մարդու իրավունքների պաշտպանության կառույցներն ամրապնդելու նպատակով համատեղ աշխատանքներ տանել: Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ խտրականության դեմ պայքարի իրավական դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքներում:
5.Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են թափանցիկության և հաշվետվողականության աճի, հանրային կառավարման բարելավման, բարեփոխումների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցության, կառավարության տեղեկատվությանը քաղաքացիների և զանգվածային լրատվամիջոցների հասանելիության ընդլայնման միջոցով աշխատանքներ տանել Հայաստանում լավ կառավարումը խթանելու համար:
6.Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել Հայաստանում քաղաքական բազմակարծության և թափանցիկ, արդար քաղաքական մրցակցության աճի ապահովման ուղղությամբ։ Ընդ որում, մրցունակ ընտրական միջավայր ստեղծելու նպատակով՝ խրախուսել քաղաքական կուսակցությունների, ուղեղային կենտրոնների և ոչ կառավարական կազմակերպությունների զարգացումն` աջակցելով նրանց մասնակցությունն օրենսդրության մշակմանը և բարեփոխումների իրականացմանը։
7.Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ հանրային քաղաքականության մշակման և վերլուծության, քաղաքացիների շահերի առաջմղման, օրենսդրական գործընթացներին մասնակցության և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վերահսկողության ապահովման կարողությունները ամրապնդելու նպատակով։
8.Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են կյանքի կոչել Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած հանձնառությունները:
9.Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ծրագրի իրականացման գործում:
10.Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։
Բաժին V․ Մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանում
Հայաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են խթանել մարդկային կապերը, այդ թվում՝ ամերիկահայ համայնքի միջոցով, և ընդլայնել մշակութային, ստեղծագործական, կրթական, գիտական և մասնագիտական փոխանակման ծրագրերը, որոնք նպաստում են ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության ու փոխըմբռնման խթանմանը։
1.Հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի աճի կարևորությունը՝ կողմերը նախատեսում են խթանել հետագա մշակութային ու հասարակական փոխանակումներն և գործունեությունն այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Ֆուլբրայթ ծրագիրը, Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX), Բակալավրիատի փոխանակումը (UGRAD), Օրենսդրական կրթությունը և փորձառությունը (LEAP), Միջազգային այցելու առաջնորդության ծրագիրը (IVLP), Անգլերեն լեզվի դասավանդման և ուսանելու ծրագիրը, և այլք:
2.Ընդգծելով նորարարության և շարժունակության անհրաժեշտությունը երկու երկրների ապագայի համար՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են խթանել բարձրագույն կրթության, բիզնեսի և գիտական հետազոտության ոլորտներում համագործակցության աճը: Միացյալ Նահանգները նախատեսում է դյուրացնել ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմումների ներկայացման գործընթացը՝ ԱՄՆ օրենսդրության և ընթացակարգերի համաձայն, այնպես, որ մշակութային, կրթական, բիզնես և գիտական գործունեություն ծավալող որակավորված անձանց մասնակցության հնարավորություն տրվի։
3.Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց, որն առաջ է մղում կրթության և հետազոտության ոլորտներում ընդհանուր նպատակները:
4.Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են սատարել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համատեղ նախաձեռնությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը