Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի գերության մեջ պահվեղ հայերին, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։
Մեկնաբանելով բանաձևի նախագծի շրջանառումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք սենատորներ Փիթերսի և Քեսիդիի կողմից Սենատում այս բանաձևի ներկայացումը, որպես Արցախի իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Կոնգրեսի երկկուսակցական աջակցության ևս մեկ նշան: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի դաժան գործողությունները և կոչ անելով միջազգային վճռական միջոցների ձեռնարկման՝ այս բանաձևը վերահաստատում է ամերիկյան հավատարմությունն Արցախի իրավունքներին՝ ստեղծելով պատասխանատվության և արդարության ամուր շրջանակ»:
Բանաձևի համահեղինակ Բիլ Քեսիդին իր հերթին նկատել է. «Ադրբեջանը պատանդ է պահում Եվրոպային էներգիայի պատճառով, բայց Լուիզիանայում բավականաչափ էներգիա կա Եվրոպայի կարիքները բավարարելու համար: Աշխարհը չի կարող հանդուրժել բռնապետին»։
Ներկայացված բանաձևով մասնավորապես առաջարկվում է՝
Բանաձևի տեքստում նաև ընդգծում է՝ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը նշել են՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խախտում է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքները՝ ինչպես այս, այնպես և համանման այլ բանաձևերի շուրջ, հնարավորինս մեծ կոնգրեսական աջակցություն ապահովելու և առաջիկայում դրանց ընդունմանը հասնելու ուղղությամբ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը