Սիրիայի նոր անցումային կառավարության քաղաքական բաժնի խոսնակ Օբեյդա Առնաուտը կոչ է արել Ռուսաստանին վերանայել երկրում իր ներկայությունը՝ Մոսկվայի դաշնակից, նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Առնաուտի խոսքով՝ Ռուսաստանի վերջին տեղաշարժերը Սիրիայում միանշանակ չեն: Նա ընդգծել է, որ նավատորմի նավերը նավահանգիստներից հեռացնելու և ռազմակայաններից ռազմական մեքենաների շարասյուները տեղափոխելու որոշումը հստակ չի ցույց տալիս, թե արդյոք Կրեմլն իսկապես նահանջում է, թե դա նրանց կանոնավոր տեղաշարժերի մի մասն է:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր ներկայությունը սիրիական տարածքում, ինչպես նաև իր շահերը: Նրանց շահերը կապված էին Ասադի հանցավոր ռեժիմի հետ։ Նրանք կարող են վերանայել և նախաձեռնություններ ձեռնարկել՝ կապ հաստատելու նոր վարչակազմի հետ՝ ցույց տալու, որ իրենք թշնամություն չունեն սիրիացի ժողովրդի նկատմամբ, և որ Ասադի ռեժիմի դարաշրջանը վերջապես ավարտվել է», – եզրափակել է Առնաուտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը