04 12 2024

Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ



 

Փաշինյանի հորդորը անտեսելով՝ մանդատը վայր չդրած, այնուհետև ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ բացահայտում արեց։ Նրա խոսքով, իր և ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հարցաքննության հրավիրելիս քննիչը Աղազարյանի հեռախոսը խնդրանքով «առգրավել է» և պահել շուրջ 10 օր։ Այնուհետև իր հեռախոսի նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ։

«Ես ՔՊ վարչության նիստում զարմանք հայտնեցի, թե այդ ոնց է եղել, որ իմ անձնական  դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ: Որովհետև, երբ որ պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը, իմ ուսումնարվողական ընկերը հայց է ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցվի, և այս շրջանակներում տեղի է եղել հարցաքննություն իմ հետ, իմ հեռախոսը  առգրավել են։ Ես չեմ դիմադրել, ասել եմ՝ եմ վերցրեք:

Հեռախոսս 10 օրից ավելի գտնվել է այդ քննիչի մոտ, փաստորեն և քննիչը ինքը ասաց, որ իրենց հետաքրքրում է միայն ու միայն այն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարյամյանի հետ այդ գործով:

Ես ասեցի՝ խնդիր չունեմ, բայց ես այնտեղ լիքը այնպիսի բաներ ունեմ, որ չեմ ուզի որ կարդաք: Բայց նաև ասացի՝  հանկարծ այնպես չլինի, որ դրանք հրապարակվեն: Ինձ ասաց՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, դուք գիտե՞ք՝  որ պետության մեջ եք: Ես էլ հպարտ, կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ նման բան չի լինի: Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել է վարչապետի մոտ: Ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին, ի՞նչ նպատակով է տվել, ես չեմ կարող ասել: Ես նաև չգիտեմ՝ որքանով է դա օրենքի շրջանակներում»:

Աղազարյանն ասաց, որ չէր ուզենա հավատալ, որ դա արվել է Փաշինյանի հրահանգով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ