04 12 2024

Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին

Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին

 

«Սա հանցագործություն էլ չի, ավելի մեծ, վատ բան է, քան հանցագործություններն են»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ԱԺ արդեն նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական հեռախոսի պարունակության՝ քննիչի մոտից Նիկոլ Փաշինյանի սեղանին հայտնվելու փաստին։

«Պարզ է, որ նախաքննական մարմնի կողմից առգրավված առարկան կամ պարունակությունը տեղեկության տեսքով չպետք է հասու լինի որևէ մեկին, հատկապես՝ վարչապետին։ Ինքը ո՛չ նախաքննական մարմին է, ո՛չ հսկող դատախազ։ Սա հանցագործություն էլ չէ, ավելի մեծ վատ բան է, քան հանցագործություններն են։

Թող բոլորը պատկերացնեն, թե եթե Աղազարյանի նկատմամբ են այսպես վարվում, ինչպե՞ս են վարվում քաղաքական հակառակորդների նկատմամբ, կամ տնտեսական հակառակորդների նկատմամբ, կամ անձնական հակառակորդների նկատմամբ»,- ասաց փաստաբանը և հավելեց․ «Հայաստանում իշխանության են մարդիկ, որոնք չունեն սահմաններ ու պատրաստ են ամեն ինչի։ Սա ողբերգություն է։ Հանցագործությունը շատ ավելի նեղ, լոկալ երևույթ է, քան տեղի ունեցածը»։

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի՝ արդարադատությանը միջամտելուն դատախազության և պատկան մարմինների չարձագանքելը նույնպես հանցագործություն չէ, Վարոսյանը պատասխանեց․ «Ու՞մ դատախազության, Նիկոլի դատախազությա՞ն։ Ո՞նց կարող է որևէ մեկը արձագանքել։ Կհայտնվեն Աղազարյանի օրը։ Կստանան WhatsApp-ին SMS։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, դատախազություն, պատկան մարմին, դատարան, քննություն, պարզել և այլ արտահայտություններն անիմաստ են։ Երբ նա, Աստված տա, մի օր իշխանազրկվի, իհարկե այդ ամեն ինչը այն ժամանակ պատկան մարմինները քննության առարկա կդարձնեն, և հասարակությունը նոր կտնեսնի ում հետ գործ ուներ»։ 

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի խոսքով, իր և ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հարցաքննության հրավիրելիս քննիչը Աղազարյանի հեռախոսը խնդրանքով «առգրավել է» և պահել շուրջ 10 օր։ Այնուհետև իր հեռախոսի նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ