ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել սառեցնել ռազմական հակամարտությունը Ռուսաստանի հետ առանց տարածքների վերադարձի եւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց առնվազն 20 տարով, The Wall Street Journal-ին (WSJ) ասել են իրազեկ աղբյուրները։
Նրանց խոսքով՝ պատերազմի ավարտի այս սցենարը ներկա պահին քննարկում են Թրամփի խորհրդականները։ Ենթադրվում է, որ ռազմական գործողությունների սառեցումից հետո ճակատի ողջ երկայնքով կհայտարարվի ապառազմականացված գոտի։ Բայց թե ով կապահովի նրա անվտանգությունը՝ առայժմ հայտնի չէ։ Զրուցակիցներից մեկը բացառել է, որ դրա համար գործի կդրվեն ամերիկյան զորքերը կամ ՄԱԿ զորակազմը։
Իր հերթին, առաջիկա 20 տարիներին ՆԱՏՕ անդամակցությունից հրաժարվելու դիմաց Թրամփը խոստանում է այսուհետ եւս Ուկրաինա մատակարարել զենք։ «Մենք կարող ենք սովորեցնել [զինվորականներին] եւ այլ աջակցություն ցուցաբերել, բայց [դրանով կզբաղվեն առաջին հերթին Եվրոպայի երկրները]։ Մենք չենք ուղարկում ամերիկացի տղամարդկանց եւ կանանց՝ աջակցելու խաղաղությանն Ուկրաինայում։ Եվ մենք չենք վճարում դրա համար։ Խնդրեք լեհերին, գերմանացիներին, անգլիացիներին եւ ֆրանսիացիներին, որ զբաղվեն դրանով»,- ասել է Թրամփի թիմի անդամներից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը