21 09 2024

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առիթով․

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 33-րդ տարեդարձը կարևոր առիթ է արժևորելու անկախ պետականության կայացումը, ինչպես և անդրադառնալու մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է և բաղձալի երազանքը: Այս նվաճումը պահպանելն ու զարգացնելը պահանջում են հետևողական և համառ պայքար:

Հայ ժողովուրդն հերթական անգամ պատմական ընտրության առջև կանգնեց 1991 թ. և արցախյան գոյամարտի բովում կյանքի կոչեց ազատ ու անկախ ապրելու դարավոր իղձը: Անցած երեք տասնամյակների ընթացքում, չնայած առկա խնդիրներին և բացթողումներին, մեծ առաջընթաց արձանագրվեց հայոց նոր պետականությունների կայացման ասպարեզում, ձևավորվեց ուժեղ և հուսալի բանակ, զարգանում էր երկրի տնտեսությունը, Հայաստանն արտաքին աշխարհին ներկայանում էր որպես հարգանքի արժանի պետություն: 30 տարուց ավելի Արցախի անկախ Հանրապետությունը գործեց ու արարեց հայ ժողովրդի անընկճելի ոգու, տաղանդի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես և իր ողջ կարողականությամբ եղավ հայոց երկու Հանրապետությունների զարգացման գործընթացի մասնակիցը:

Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ազգավնաս գործունեությունը հանգեցրեց Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախի հայաթափմանը: Այսօր արդեն անմիջական սպառնալիքի ներքո են հայտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը:

Աշխարհաքաղաքական ներկա պայմաններում հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում և ոգու արիություն պաշտպանելու և պահպանելու համար Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, վերականգնելու՝ մեր ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքների դերը:

Այս մարտահրավերների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորում, որի առաջնահերթ անելիքները պետք է լինեն Հայաստանի արտաքին և ներքին անվտանգային հուսալի համակարգերի ձևավորումը, պատմական բնօրրան՝ արցախահայության վերադարձի խնդրի հետապնդումը: Իշխանություն, որը հայ ժողովրդի համար կապահովի իրական խաղաղություն և բարգավաճում:

Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայոց անկախ պետականության գոյությունը եղել և մնում է անսակարկելի արժեք:

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորելով անկախության տոնի առիթով մենք խոնարհվում ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար նահատակվածների անմար հիշատակի առջև:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ինչպես երեկ, նույնպես և այսօր ու վաղը ոչ մի ջանք չի խնայելու հայ ժողովրդի ազգային երազանքների իրականացման համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ