Արցախ վերադառնալը ՀՀ իշխանությունների չաջակցելու պայմաններում դժվար է, բայց պետք է պայքարել: Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ուզում եմ հենց այս օրը՝ Արցախի այս տոն օրը ասել հետևյալը, որ երբևիցե մեր ժողովուրդը, ողջ ազգը և արցախահայությունը չպետք է ընկճվի: Ես շնորհավորում եմ արցախահայությանը Արցախի տոնի կապակցությամբ և ասում՝ երբեք, ոչինչ կորցված չէ, Արցախի էջը փակված չէ»,-ասաց նա:
Օհանյանն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ հակամարտությունն ավարտված չէ. Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափմամբ իրականացվել է ցեղասպանություն: Այսինքն, հակամարտությունն ավելի է խորացել:
«Երկրորդը, պետք է պաշտպանել Արցախի սուբյեկտայնությունը: Պաշտպանել այն առումով, որ Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը իրենց գործունեությունը շարունակեն Արցախի ժողովրդի կարգավիճակի և ամենակարևորը՝ հետ վերադարձի պայմանների՝ հատկապես միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում:
Այդ առումով Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները գոյություն ունեցող ձևաչափով և այլ նոր ձևաչափերով, որոնք հայ ժողովուրդը կընտրի, այլընտրանք չունեն: Այսինքն պայքարելն անհրաժեշտություն է և ովքեր որ այսօր անտեսում են Արցախը, որոնք Արցախի վրա խաչ են քաշել, դա ՀՀ իշխանություններն են, հայ ժողովրդի բարոյական շարքում տեղ չունեն»,- ընդգծեց Օհանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը