ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորների կեսից ավելին արդեն աջակցել է նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը, հայտնել է CNN հեռուստաալիքը։
«Առնվազն 27 դեմոկրատ սենատոր, ինչը Սենատում դեմոկրատների մեծամասնությունն է, աջակցել են նախագահի պաշտոնում փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ներկայացուցիչների պալատից առնվազն 60 դեմոկրատ ևս իրենց աջակցությունն են հայտնել Հարիսի թեկնածությանը։
Քամալա Հարիսը մեկնաբանել է նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից հեռանալու և նոյեմբերին կայանալիք ընտրություններում իրեն՝ որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու սատարելու որոշումը:
«Շնորհակալ եմ Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում արտակարգ առաջնորդության և մեր երկրին տասնամյակներ շարունակ ծառայելու համար։ Ինձ համար պատիվ է ստանալ նախագահի սատարումը, և ես մտադիր եմ արժանի լինել և հաղթել այս թեկնածությունում: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը, միավորելու մեր ազգը և հաղթելու Դոնալդ Թրամփին և նրա ծայրահեղեղական Project 2025 օրակարգը։ Եթե դուք ինձ հետ եք, ապա նվիրատվություն արեք հենց հիմա», - գրել է նա X-ում:
Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել էր, որ չի մնա 2024 թվականի նախագահական մրցավազքում՝ իր աջակցությունը հայտնելով փոխնախագահ Քամալա Հարիսին։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը