Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին, ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Պետությունը մի կողմից պարտադրում է, որ այդ տեսախիկները տեղադրվեն մասնավորների կողմից եւ տրվեն 24/7 օնլայն ռեժիմով մուտք ՆԳ նախարարության ՊՈԱԿ-ին: Այսինքն ստացվում է, որ կենտրոնացված մեկ կետից ամբողջությամբ անընդհատ վերահսկողություն է իրականացվելու ամբողջ տարածության վրա:
Պարզ է, որ անվտանգության տեսանկյունից սա շատ կտրուկ դրական որակական արդյունք կարող է ունենալ, բայց միշտ պետք է հիշել, որ երբ անվտանգությունը հզորացվում է, դա շատ հաճախ բերում է քաղաքացիական ազատությունը սեղմելուն: Դրա համար պետք է բալանսը պահել»,- նշեց նա:
Նշենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանական փաթեթ, որով առաջարկվում է 50 քմ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առեւտրի վայրերի, բենզա-գազալցակայանների մուտքի ու մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ եւ դա պարտադիր դարձնել օրենքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը