Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ:
Անկախության համար պայքար մղած ազգերի ու պետությունների համար Հանրապետության օրը նշանակալից առիթ է՝ վերստին հաստատելու Սահմանադրությամբ ամրագրված արդարության, ինքնիշխանության, հավասարության ու եղբայրության սկզբունքների նկատմամբ ժողովրդի և պետության նվիրվածությունը:
Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնավորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլև ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:
Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարները ևս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում: Այսօր արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ու ժողովուրդների ընդհանուր անցյալը երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում նոր ձեռքբերումների գործնական փուլ են թևակոխում:
Կրկին շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը