19 01 2024

Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը. Նիկոլ Փաշինյան

Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր:

Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մեր տեսլականը և բանաձևը: Մենք այս հարցի շուրջ բազմիցս ենք քննարկումներ ունեցել ամենատարբեր ֆորմատներով, և իմ եզրակացությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք պետք է ձևակերպենք խնդիրը շատ հստակ, իհարկե խնդիրը կամ ձևակերպումը շատ ակնհայտ է, բայց մենք պետք է սա չզլանանք վերաարձանագրել, իսկ արձանագրումը հետևյալն է, որ մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: Եվ սա պետք է լինի մեր երկրի ապագայի ռազմավարական ընկալումը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն, և սոցիալական պետություն: Իհարկե այս թվարկումը կարելի է շարունակել, բայց ես խոսում եմ այս պահին առաջնային ուղղությունների մասին:

Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ առ ժամանակ ընդունում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը: Դա տեղի է ունեցել 2018թ. առաջ, դա տեղի է ունեցել 2018թ. հետո և մենք, ի վերջո, այս արձանագրումը պետք է անենք և մեր լեգիտիմությունը, լեգիտիմ հարցադրումներն, ակնկալիքները և շեշտադրումները պետք է անենք՝ հենվելով այս հենքի և տրամաբանության վրա: Ընդ որում, ես մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում:

Բայց ինչո՞ւ եմ սա ասում այսօր, հիմա՝ Արդարադատության նախարարությունում, որովհետև ասվածը նշանակում է, որ արտաքին անվտանգության ապահովման գործում մեր իրավաբանական հանրության դերը գնալով մեծանալու է: Սա շատ կարևոր շեշտադրում է, կարծում եմ՝ ակնհայտ բան է, բայց կան ակնհայտ բաներ, որ բոլորս, կամ գուցե գոնե ես, կամ շատ գործընկերներ, ամենօրյա շեշտադրման տիրույթում չեն ունենում, որովհետև տեսեք՝ մենք անվտանգություն ասելով սովորաբար հասկանում ենք բանակ, Զինված ուժեր, հասկանում ենք դիվանագիտություն: Երկուսն էլ ճիշտ են, այսինքն այստեղ խնդիր չկա, բայց մոռանում ենք անվտանգության ապահովման համար հենց լեգիտիմությունը, որի ապահովման գործառույթն առաջին հերթին մեր իրավաբանական հանրությանն է: Եվ ես այս շեշտադրումը ուզում եմ անել Արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իհարկե նաև ուզում եմ ընդգծել Սահմանադրական դատարանի դերն այս գործընթացում, ընդհանրապես՝ դատական համակարգի դերը: Ուզում եմ, որ մենք հենց այսպիսի աշխատանքի տրամադրվենք, որն, իմ կարծիքով, այս շրջափուլում անվտանգության ապահովման արդյունավետությունն էականորեն ավելացնելու է:

Բայց նորից եմ ասում, լեգիտիմության ենթավերնագիրը մենք պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո, որովհետև երբեմն տարբեր դիտանկյուններից լեգիտիմությունը կարող է շատ լայն շրջանակ ստանալ: Իսկ դրա դեպքում, շրջանակ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը և սահմանները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ