31 12 2023

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովին

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովին

Ռուսական զորքերը դեկտեմբերի 31-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով «Շահեդ-136/131» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական զորքերը գործարկել են 49 անօդաչու թռչող սարք, իսկ ուկրաինական ուժերի ստորաբաժանումները տարբեր շրջաններում ոչնչացրել են 21 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի զինված ուժերը նշել են, որ ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերի մեծ մասն ուղարկել են «պաշտպանության առաջնագծի երկայնքով, ինչպես նաև առաջնագծում գտնվող քաղաքացիական, ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների դեմ»։ Մասնավորապես, կրակի տակ են հայտնվել Խարկովի, Խերսոնի, Նիկոլաևի և Զապորոժիեի շրջանները։

Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով տուժել են քաղաքի կենտրոնում գտնվող շենքերը՝ սրճարաններ, բնակելի շենքեր և գրասենյակներ, հայտնել է Խարկովի ղեկավար Իգոր Տերեխովը։ Տուժել է նաև ջրամատակարարման ցանցը, լրագրողներին ասել է Տերեխովը։

Դեկտեմբերի 31-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել նաև Խարկովի կենտրոնին, հայտնում է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը։ Գնդակոծությունն իրականացվել է С-300-ից։ Տեղի իշխանությունները պնդում են, որ Խարկովին հարվածել են Իսկանդեր համալիրից։

Հիշեցնենք, որ նախօրեին Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ