19 12 2023

Վտանգված է հարյուրավոր երեխաների կյանքը, ոչինչ չեք անում. Բաց նամական Տիգրան Ավինյանին

Վտանգված է հարյուրավոր երեխաների կյանքը, ոչինչ չեք անում. Բաց նամական Տիգրան Ավինյանին

Արդեն մի քանի ամիս է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը պաշտոնյաներին ուղղված նամակներով ու լրատվամիջոցներով, ահազանգում է, որ ապօրինություն է տեղի ունենում:

«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովաննիսյանը նամակ է հղել քաղաքապետ։ Տիգրան Ավինյանին, որտեղ մասնավորապես, ասվում է.

«Օրրան»-ին կից կառուցվում է հասարակական նշանակության շինություն, որը վտանգում է հարյուրավոր երեխաների, աշխատակիցների, հյուրերի և կամավորների կյանքը, քանի որ չեն պահպանվում հակահրդեհային կանոնները, որոնք պահանջում են 6 մետր հեռավորություն՝ հասարակական նշանակություն ունեցող շենքերի միջև (շենքը կառուցվում է 1.6 մետր հեռավորության վրա)։

Հատկանշանական է, որ շենքը կառուցվում է հողամասի ոչ թէ այն հատվածի վրա ուր շինթույլտվությունը և նախագիծը նախատեսում են, այլ տեղադիրքի շեղումով՝ հողամասի այլ հատվածում։ Այս պարագայում քաղաքապետարանը և տեսչական մարմինը, անկախ նրանից կառուցողը շինարարության թույլտվություն ունի, թե ոչ, պարտավոր են անհապաղ կասեցնել ապօրինությունը և պատասխանտվության ենթարկել կառուցապատողին: Ավելին՝ շինարարության թույլտվության ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն, սակայն քաղաքապետարանը ունենալով պարտականություն արձագանքելու և տուգանելու իրավախախտին, անգամ իր այս գործառույթը չի կատարում։

Պարոն Ավինյան, ինչու՞ չեք արձագանքում, քանի որ քաղաքապետարանը անօրինական շինթույլտվություն է տվել՝ շինություն կառուցել արդեն գոյություն ունեցող շենքից 2.5 մետր հեռավորության վրա: Ինչու՞ հարցեր չեք ուղղում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաններին՝ հասկանալու անօրինակության պատճառը և վերացնելու այն: Զավեշտալի չէ՞, երբ քաղաքապետարանի համապատասխան մարմինը, փոխանակ անդրադառնա «Օրրան»-ի նամակներում բարձրացված բուն հարցին, այն է՝ արդյո՞ք պահապանվել է համապատասխան օրենքի 6 մետր պահանջը, գրում է, որ «կառուցապատողն ունի շինթույլտվություն»։ Քաղաքապետարանում չկա՞ն կադրեր, որոնք գիտեն՝ ինչպե՞ս կարդալ պարզ դիմումը և պատշաճ պատասխանել դրան, թե՞ գիտեն, բայց ինչ-որ պատճառով չեն ուզում հասկանալ:

Կրկնում ենք՝ հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում, փակվում են նրանց համար օրվա ընթացքում բնական լույսը արտացոլող պատուհանները (ի դեպ, պատուհաններից երկուսը հոգեբանի սենյակում են, որտեղ տասնյակ երեխաներ՝ ներառյալ Արցախից, մասնագետների օգնությամբ փորձում են գտնել իրենց կորցրած երազանքները): Բացի այդ, ապագա շենքից եկող ձայնը սպառմում է խանգարել երեխաների կրթությանը, քանի որ դասարանները շատ մոտ են կառուցվող շինությանը, որը, ինչպես հասկացել ենք, լինելու է սրճարան կամ ռեստորան:

Պարոն Ավինյան, ինչո՞ւ է կողմնապահություն արվում և նախընտրությունը տրվում որոշ մարդկանց ավելի հարստանալուն, քան կարիքավոր երեխաների անվտանգությանը:

Պարոն Ավինյան, Դուք մի քանի ամիս առաջ ասում էիք՝ ասեք և մենք կանենք․Մենք ԱՍՈՒՄ ԵՆՔ, մնում է դուք ԱՆԵՔ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ