«Կարծում եմ, որ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն և հրաժարվում են ծրագիր կամ ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար՝ փաստորեն հրաժարվելով Արցախից։ Այս քառօրյայի ընթացքում նրանք նաև հրաժարվեցին ընթացք տալ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրինագծին, որով Քրեական օրենսգրքում լրացումներ էին նախատեսվում՝ հատուկ նորմով քրեորեն պատժելի արարք որակել ՀՀ անունից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումը կամ դրա վտանգավորության նսեմացումը»,- ԱԺ-ում տեղի ումեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար սեյրան Օհանյանը:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել։ «Միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության, անվտանգության երաշխավորը, սահմանապահը։ Եվ Արցախյան ազատագրական պայքարը մեր նորօրյա պատմության ամենասուրբ մաքառումն էր։ Իսկ դա նշանակում է, որ այսօր պետք է շարունակել այդ պայքարը, քանի որ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս երեք կետերի վրա, հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, և Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ, Արցախը եղել է գործոն, և այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի եւ ժողովրդի հետ վերադարձի պայմանների լուծումը։ Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որևէ ընդունելի նոր ձևաչափով, այլընտրանք չունեն։ Այս ռազմավարության պատասխանատուն ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններն են, առավելապես ՀՀ իշխանությունները, որոնք իշխանության գալու առաջին օրվանից վերցրել են իրենց վրա պատասխանատվությունը, իսկ հիմա կամաց-կամաց այդ պատասխանատվությունը գցում են Արցախի իշխանությունների կամ այլ մարդկանց վրա։ Սա նշանակում է, որ եթե նրանք հրաժարվեն որևիցե ռազմավարությունից, մեր բազմադարյան պատմության ընթացքում հենց նրանց ճակատին գրված է լինելու Արցախի հայաթափման փաստը»,- ասացՍեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը