24 11 2023

Ինձ թիրախավորելը ողբերգություն չէ. թիրախավորվել են մեր պետությունն ու պետականությունը. Սերժ Սարգսյան



Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարուց ավելի։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ այդ թիրախավորումներն ավանդաբար սկսել են անել ադրբեջանցիները, 90-ականների կեսերին նրանց ձայնակցել են տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ նոր տոնայնությամբ։

Նա ընդգծեց, որ, իր կարծիքով, ամենակարևորը դա չէ։

«Կարևորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունն ու պետականությունը։ Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ  հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել։ Իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ՝ կուլակաթափություն, 30-ականներին մարդկանց, որոշ դեպքերում, անտեղի գնդհակահարություններ, Հայրենական պատերազմ, ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել։ Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ այս գիտակցումը, որ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը նախկին նախագահը նշեց․

«ՀԱՊԿ-ը մեր գործընկերը չէ, ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է։ Մեր գործընկերը ՆԱՏՕ-ն է, մեր գործընկերներն այլ եկրներն են, որոնք չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ։ Իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով: Եթե ուղեղ չունես, փոխաբերական մաստով եմ ասում, չես կարող ունենալ այն արդյունքը որն ակնկալում ես։ Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի։ Դաշնակիցը նրա համար է, որ անհրաժեշտության պարագայում, իր հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի։ Բայց դա միակողմանի չի կարող լինել։ Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք  է օժանդակես՝ եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղերում քվեարկությամբ, վերաբերմունքով և այլն»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։

Ինչ վերաբերում է գործող իշխանությունների մեղադրանքներին, թե ՀԱՊԿ-ը անհրաժեշտ կերպով չի արձագանքել Հայաստանի տարածք թշնամու ներխուժմանը, Սերժ Սարգսյանը նշեց՝ սկզբնապատճառն է պետք պարզել։

«Իսկ ո՞վ է կոնկրետ ինչ-որ բան ասել։ Լավ, ենթադրենք՝ ՀԱՊԿ-ը վատն է, իսկ ո՞վ է լավը։ Երբ դաշնակիցն առաջարկում է, իսկ դու ասում ես՝ չէ, ի՞նչ անի դաշնակիցը, գա խնդրի՞ քեզ, նորից և նորից գա խնդրի՞․․․ Մեր դաշնակիցներին արդարացնելու նպատակ չունեմ, եթե կուզեք՝ ես շատ ավելի մեծ պրոբլեմների մասին կարող եմ խոսել, բայց սկզբնապատճառն է պետք պարզել։

Բա ինչու՞ տևական ժամանակ՝ 30 տարի, այդ դաշնակիցն իր պարտականությունները կատարում էր, ինչու՞։ Որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք, որովհետև մենք համարում էինք իրական դաշնակից, որովհետև մենք, անհրաժեշտության պարագայում, որևէ մեկից չէինք քաշվում և միջազգային ատյաններում քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ էր ձեռնտու, ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար և այդպես շարունակ», - ասաց ՀՀ երրորդ նախագահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ