14 10 2023

Հինգ տարվա ընթացքում այսպիսի դեգրադացիա, այսպիսի անկում… «Հրապարակ»

Հինգ տարվա ընթացքում այսպիսի դեգրադացիա, այսպիսի անկում… «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Հինգ տարվա ընթացքում այսպիսի դեգրադացիա, այսպիսի անկում... Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Երեւանի, Գյումրիի, Վանաձորի քաղաքապետի պաշտոնները երիտասարդ հեղափոխականների թիմն ուղղակի ատամներով կզավթի ու հետն էլ կհպարտանա, թե իրենք շատ դեմոկրատ են` քվեատուփեր չեն լցոնում, ընտրակաշառք չեն բաժանում: Իսկ որ ընտրված քաղաքապետին 2 տարի պահում են բանտում եւ այդ ընթացքում հազար ու մի միջոց գործադրելով` այդ պաշտոնը զավթում կամ՝ որ ընտրված քաղաքական ուժին ուղղակի «առնում» են մի դեսպանի պաշտոնով եւ զավթում իշխանությունը, դրանք դեմոկրատիայի խախտումներ չեն:

Ո՞վ կսպասեր, որ մամուլից իշխանություն գնացածների այս թիմն այնքան կատի ու կվախենա լրագրողներից, որ անգամ քաղաքապետի երդմնակալությունը թույլ չեն տա լուսաբանել: Իրենք` իրենց էլիտայով, փակ դռների ետեւում կնշեն: Իսկ ՀՀ պատմության մեջ, կարծես, ընդամենը նման մի դեպք է եղել. 2008-ի մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանն է ընտրվել յուրայինների ներկայությամբ` առանց լայն հանրության մասնակցության:

Ո՞վ կսպասեր, որ 2018-ին դռներ ու դարպասներ բացող, փողոցներում շրջող, քաղաքացիներին ընդունող այս երիտասարդները բյուրոկրատիայի եւ ոչ թափանցիկ գործելաոճի առումով կգերազանցեն բոլոր նախկին իշխանություններին, եւ նրանց կկարողանան մոտենալ միայն իրենց պաշտողները` նախապես խիստ ստուգում անցնելուց հետո: Եվ նրանց կառավարությունը կարող է անթափանց աշխատելու ռեկորդներ սահմանել: Ո՞վ կսպասեր, որ ցանկացած նախարարի ու փոխնախարարի, էլ չենք խոսում` վարչապետի ու փոխվարչապետի մոտ ընդունելության արժանանալն ավելի բարդ կդառնա, քան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ ընկնելը: Ո՞վ կսպասեր, որ նրանց ուղեկցող թիկնազորի ու ոստիկանների քանակը կգերազանցի մեր սահմանները պահպանողների թիվը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ