Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հրամանագրի համաձայն՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենք վայր դրած զինծառայողների՝ Լաչինի միջանցքով սեփական գույքով տրանսպորտային միջոցներով ազատ, կամավոր և անխոչընդոտ տեղաշարժի ապահովման վերաբերյալ և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով՝ որոշում է կայացվել.
- Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով:
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը