26 09 2023

Հայաստանի դեմ պատերազմ լինելու է, և դրա մեղավորը ցուցարարները չեն․ «Հրապարակ»

Հայաստանի դեմ պատերազմ լինելու է, և դրա մեղավորը ցուցարարները չեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Այս հանրահավաքները, որոնց նպատակն Արցախում ցեղասպանությունը կանխելն է եւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը, օր-օրի ավելի մեծ թափ են հավաքում: Բայց դրանք սվիններով են ընդունվում հասարակության մի փոքր հատվածի կողմից: Թեեւ նկատենք, որ ֆեյքերին հանած` դրանց թիվը գնալով նվազում է: Նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր Փաշինյանի հանդեպ ցանկացած քննադատություն սվիններով էին ընդունում նաեւ մինչեւ 2020 թվի 44-օրյա պատերազմը: Երբ շատերն ահազանգում էին, որ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ կազմաքանդում է երկիրը, թուլացնում, Հայաստանը ներքաշում աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ, այս մարդիկ հակադարձում էին, թե՝ թողեք, թող աշխատի, նախկինները խանգարում են, չեն թողնում, որ խեղճը գործ անի, բանակը հիմա ավելի լավ վիճակում է, քան նախկինների օրոք, քանի որ զինվորները ելակ են ուտում… եւ այլն, եւ այլն: 

 Այս մարդիկ Փաշինյանի բոլոր սխալներին՝ մտածված կամ չմտածված, հիմար կամ խորամանկ, արդարացումներ էին գտնում: Հիմա նույն բանն է կրկնվում` անգամ այսքան արհավիրքներից հետո: Եթե 3 տարի առաջ դեռ կարելի էր մի քիչ տրամաբանական համարել, որ Սերժն ու Քոչարյանը բանակ չեն ստեղծել, եւ դա է մեր պարտության պատճառը, հիմա առավել աբսուրդային է հնչում նախկին նախագահներին մեղադրելը, բայց այս մարդիկ շարունակում են մեղադրել ընդդիմադիրներին, ովքեր պահանջում են Փաշինյանի հրաժարականը, եւ շարունակում են այսօր կատարվողի մեջ մեղադրել նախկիններին: «Թողեք՝ ինչ ուզում է անի, միայն թե պատերազմ չլինի»,- թութակի պես կրկնում են նրանցից շատերը` աչք փակելով այն փաստի առաջ, որ հենց Փաշինյանի ժամանակ է երկիրը մխրճվել անվերջանալի պատերազմի մեջ: Իհարկե, սա Փաշինյանի կեղծ քարոզչական թեզի` «խաղաղության» թեզի հիպնոսն է, որը ոչ մի կապ չունի մեր իրականության հետ, որովհետեւ խաղաղություն ասելով ավելի ու ավելի շատ պատերազմ ու զոհեր ենք ունենում: Տեսանք, թե ինչ է լինում, երբ թողնում ենք իր անտրամաբանական ղեկավարման հույսին: Ըստ փաշինյանական «քաղտեխնոլոգների»` եթե Փաշինյանը գնա, Հայաստանը կզրկվի պետականությունից եւ կհայտնվի պատերազմի մեջ: Իհարկե, չի բացառվում, որ Փաշինյանը լքի իր պաշտոնը միայն Հայաստանի պետականությունը ոչնչացնելուց եւ Հայաստանում ուկրաինական դժոխք բերելուց հետո: Ի վերջո, մարդն այն գլխից է ասել. «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», այսինքն՝ Հայաստանն այլեւս պետականություն չի ունենա: 

 Հիմա, երբ ամեն ինչ պարզից էլ պարզ է, թշնամին հսկայական զորք ու զինտեխնիկա է կուտակել Հայաստանի ողջ սահմանների երկայնքով, թուրք-ադրբեջանական կողմը խոսում է ոչ միայն «զանգեզուրյան միջանցքի», այլեւ Սեւանա լճի, «Էրիվանում չայ խմելու» մասին, ասել է թե՝ պատերազմից հինգ է պակաս: Սրան էլ հավելենք, որ Փաշինյանը պատերազմից հետո ոչ միայն չզինեց ու չհամալրեց մեր բանակը, զինված ուժերը, ոչ միայն սահմանները չամրապնդեց, այլեւ մեծ վարպետությամբ կազմաքանդեց մնացորդները: Սրան զուգահեռ էլ՝ զբաղված է աշխարհաքաղաքական մանիպուլյացիաներով եւ իր վերջին ելույթում էլ պատերազմ հրահրեց Ռուսաստանի, Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դեմ: Եվ այլեւս աներկբա է, որ պատերազմ լինելու է, այն էլ՝ շատ շուտով: Ու այդ պատերազմում մենք նորից մենակ ենք լինելու, որովհետեւ իրենց նախընտրած Արեւմուտքը մեզ ձեռք չի մեկնելու, ինչպես ձեռք չմեկնեց Արցախում սպանդի ենթարկվող անմեղ բնակչությանը, ինչպես չօգնեց, որ Սեւ լճի ու Ջերմուկի տարածքից թշնամու զորքը հեռանա, ինչպես չի սաստում Ալիեւի` Հայաստանը նվաճելու հռետորաբանությունը: Մեզ մնում է միայն ազատվել խայտառակ պարտություն կրած եւ այդ պարտությամբ հպարտացող, Ալիեւի եւ Էրդողանի հետ համահունչ աշխատող, արցախցիների ցեղասպանության մասին իմացող եւ թաքցնող, ցեղասպանությունն արդարացնող ղեկավարից, որպեսզի գոնե առաջիկայում կանխենք կորուստներն ու զոհերը…

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ