01 09 2023

Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ԱԳՆ

Երևանը չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում. ԱԳՆ

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների  հարցերին:

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։

Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների։ 

Հատկանշական է նաև, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն». ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։ Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը, և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը։

Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում  է միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ