21 08 2023

Հնչեցված հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է․ Տիգրան Աբրահամյան

Հնչեցված հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի աշխարհազորի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում` պատերազմի հետևանքներին, նշում, որ դրանում գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պետք չէ մեղադրել:

Անդրադառնալով մեղավորների խնդրին, թեման հրում «նախկինների» դաշտ ու ոչինչ չի ասում ՀՀ այն իշխանության մասին, ով հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ իրենց ու անձամբ Կարդեն Մաթևոսյանին` Ադրբեջանի քաղաքացի:

Ավելին, աշխարհազորի հրամանատարը սպառնում է` Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում տեղի չունենալու դեպքում, ինքն ու դաշտային հրամանատարները ցրելու են կառավարությունն ու խորհրդարանը և նոր ճգնաժամային մարմին ձևավորելու, որտեղ որոշումներն իրենք կընդունեն:
Ի դեպ, Արցախի խորհրդարանի ու կառավարության լուծարումն Ադրբեջանի պաշտոնական պահանջներից է, որն անձամբ Ալիևն է հնչեցրել:

Նաև ուզում եմ հստակ արձանագրել, որ Արցախում այսպիսի ծայրահեղ իրավիճակի հրահրումն Ադրբեջանի համար «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու հիմք է ձևավորելու, որովհետև սրա մասին ևս Ալիևը մի քանի անգամ ասել է և հարմար առիթ է փնտրում, որպեսզի Արցախում իր համար բարենպաստ դաշտի ձևավորման դեպքում, ներքին զորքերի անվան տակ առաջ տա իր հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ հնչեցված հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է, ինչը ենթադրում է համապատասխան մեխանիզմների գործարկում:
Նախընտրելի տարբերակներից է` Մաթևոսյանի հետ նստել խոսել, բացատրել իր հայտարարությունների և քայլերի ծանր քաղաքական հետևանքները, հակառակ դեպքում իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետևանքներ կունենան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ