7or.am-ը գրում է․
Oգոստոսի 16-ին ևս մեկ հայ զինծառայող, ինչ-ինչ հանգամանքների բերումով, հայտնվել է ադրբեջանական դիրքերի մոտակայքում ու գերեվարվել է թշնամու կողմից:
Այս միջադեպի շատ մանրամասնություններ դեռևս լրացուցիչ հստակեցման կարիք ունեն, բայց արդեն իսկ տարածված տեղեկություններն ու տեսանյութը բավարար են՝ պնդելու համար, որ բանակում ևս համակողմանի «բարդակ» է, ինչպես Նիկոլ Փաշինյանի ղեկավարմանը հանձնված բոլոր ոլորտներում:
Նախ, հետմիջօրեին Նիկոլ Փաշինյանի ՊՆ-ի այսպիսի տեղեկություն տարածեց. «Օգոստոսի 16-ին, պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը»: Պաշտպանության նախարարությունը նաև նշել էր, որ վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ:
Այստեղ արդեն իսկ մի շարք հարցեր են ծագում ա) մարտական հերթապահությունն իրականացնում են պահեստազորայինները, բ) այդ պահեստազորայինը վարժական հավաքի՞ էր մասնակցում, գ) վարժական հավաքն իրականացնում են անմիջականորեն շփման գծո՞ւմ:
Բայց սա դեռ ամենը չէ:
Կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց, թե՝ դիվերսիոն ներթափանցման փորձ է արվել հայկական կողմից, թե՝ դիվերսանտներից մեկին ձերբակալել են, այս, այն:
Դրան հաջորդեց Փաշինյանի ՊՆ-ի հերքող հայտարարությունը. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է»:
Ավելին, Փաշինյանի ու Պապիկյանի ՊՆ-ն նաև տեսանյութ հանրայնացրեց, որտեղ պատկերված է, թե ինչպես է միջդիրքային տարածքում հայտնված միայնակ պահեստազորայինը գերեվարվում ադրբեջանցիների կողմից:
Այստեղ հարցերի շարքը շարունակվում է՝ ի՞նչ հանգամանքներում կարող էր օրը ցերեկով պահեստազորայինը կամ առհասարակ, որևէ մեկը մոլորվել այն աստիճան, որ գնար ու հայտնվեր թշնամական դիրքերի մոտակայքում: Երկրորդ. այդ միջադեպը նկարահանվել է, ո՞վ է նկարահանել և նրան ի՞նչն էր խանգարում ինչ-որ կերպ հասկացնել պահեստազորայինին, որ նա սխալ ուղղությամբ է գնում ու պետք է հետ շարժվի: Երրորդ․ ինչո՞ւ այդ պահեստազորային զինակցին պաշտպանելու նպատակով ծառայակիցները ոչինչ չեն ձեռնարկել, մասնավորապես, ինչո՞ւ կրակ չեն բացել նրան մոտեցող ադրբեջանցիների ուղղությամբ և կրակային աջակցությամբ նրան դուրս չեն բերել կամ չեն օգնել, որ դուրս գա վտանգավոր գոտուց:
Հարցեր, հարցեր, հարցեր, որոնք բոլորն էլ, կարելի է չկասկածել, անպատասխան են մնալու:
Ակնհայտ է մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը ևս մեկ հայ մարդու գերի հանձնեցին Ադրբեջանին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հանձնեցին ադրբեջանական հոշոտման:
Առհասարակ, ի՞նչ հանգամանքներում են հնարավոր նման եղելություններ: Իսկ նման բաներ հնարավոր են այն դեպքում, երբ բանակում, բանակային ստորաբաժանումներում համակողմանի «բարդակ» է: Չգիտենք, դեռ «կլուբնիկ-կոտլետ» տալի՞ս են զինվորական ճաշարանում, բայց որ մեր երբեմնի կարգապահ ու մարտունակ բանակում հիմա խայտառակ ու բարձիթողի վիճակ է, առավել քան ակնհայտ է: Ու հետևանքներն էլ են ակնհայտ ու ցավոտ:
Դե, եթե մի բանակի «գերագույն գլխավոր հրամանատարը» Նիկոլ Փաշինյանի նմանը լինի, մյուս ղեկավարը Սուրեն Պապիկյանը, իսկ նրա տեղակալն էլ՝ Հրաչյա Սարգսյանը, հետևանքն էլ սա է լինելու: Պահեստազորայինը վարժական հավաքի փոխարեն մարտական դիրքում է հայտնվելու, իսկ այնտեղից էլ՝ թշնամական գերության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը