14 08 2023

Պայքարելու ենք այնքան, որ վրաց հասարակությունը տեղեկացված լինի Արցախի խնդրից. Արթուր Միրզոյան․ Alphanews.am



Վրաստանը չեզոք դիրքորոշում է ցուցաբերում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ինչը ցավալի է:

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը՝ ներկայացնելով Վրաստանի դիրքորոշումն Արցախի շրջափակման օրվանից ի վեր։

«Այն օրվանից, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, մենք առաջիններից էինք, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա կազմակերպեցինք ու ուշադրություն գրավեցինք: Բայց, Վրաստանում ո՛չ ընդիմադիր, ո՛չ իշխանական լրատվամիջոցները չլուսաբանեցին Արցախում տեղի ունեցող ցեղասպան գործողությունները, լռություն է: Միայն երկու-երեք լրատվականններ էին, որ երբեմն անդրադարձ էին կատարում»,-ասել է նա:

Միրզոյանը ներկայացրել է նաև, թե որն է իրենց հիմնական նպատակը և որ դեպքում կդադարեցնեն բողոքի ակցիաները:

«Մեր հիմնական նպատակն այն է, որ վրաց հասարակությունը տեղեկացված լինի այս ամենի մասին, քանի որ Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տարել այս տասնյակ տարիների ընթացքում և վրաց հասարակությանը շեղել է Արցախի հիմնական խնդրից: Մենք անընդհատ նամակներ ենք ուղարկում լրատվականներին, բայց ցավոք, նրանցից արձագանք չենք ստանում: Բայց մենք պայքարելու ենք ու չենք ընդունելու այս իրավիճակը, որ դրդում են մեզ ընդունել: Մենք շարունակելու ենք պայքարը ու Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու ենք այնքան, մինչև հասնենք հաջողության»,- եզրափակել է Միրզոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ