26 07 2023

Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ. Հաջիև

Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ. Հաջիև

Բաքուն պնդում է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու վերաբերյալ։ ԵՄ երկրների, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի դեսպանների հետ հանդիպումից հետո թվիթերյան գրառման մեջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Հայաստանին մեղադրել է «քաղաքական մանիպուլյացիաների եւ շահարկումների մեջ Լաչինի ճանապարհի հարցի վերաբերյալ, որով հնարավոր է իրականացնել բժշկական տարհանում եւ մատակարարում»։

Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար: նա հավելել է, որ «այդ հարցը նշված է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։

Հաջիեւը նաեւ նշել է, որ «Հայաստանի կողմից Աղդամի ճանապարհի օգտագործումից հրաժարվելը, միայն Լաչինի ճանապարհի օգտագործման պնդումը եւ այդ հարցի քաղաքականացումն անթույլատրելի են»։

«Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի ղարաբաղյան շրջանից եւ դադարեցնի ապօրինի խամաճիկային ռեժիմի ֆինանսավորումը»,-նշել է նա՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը»;

Բաքուն Հայաստանից մարդասիրական բեռ ուղարկելուն ի պատասխան հայտարարում է՝ միայն Աղդամով:

Երեկ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը բեռի ուղարկումն անվանել է «սադրանք»։ Այժմ գրավված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, որ բեռների առաքման համար կարող է օգտագործվել Աղդամով անցնող ճանապարհը։

Ըստ նրա՝ ճանապարհի տեխնիկական եւ բնական բնութագրերը թույլ են տալիս ավելի արագ եւ արդյունավետ ապրանքներ մատակարարել։

Նշենք նաև, որ հումանիտար բեռով ԼՂ ուղևորվող բեռնատարներն արդեն 15-20 րոպե է` Կոռնիձորի սահմանային հատվածում են: Իսկ որն է հաջորդ գործողությունը: «Լուրերի» հարցին ի պատասխան` ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է.

«Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, այս պահին դեռ սպասում ենք պատասխանի: Հաշվի առնելով, որ այս գործընթացը պահանջում է լրացուցիչ ըմբռնում, կարծում եմ` պետք է նկատի ունենանք, որ որոշակի համբերատար վերաբերմունք է պետք դրսևորել: Լրացուցիչ պարզաբանումների սպասման փուլում ենք»:

Սարգսյանը հայտնեց` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ:

Ճշտող հարցին` արդյոք խաղաղապահները հակվա՞ծ են միջնորդելու, թե՞ ոչ, կա՞ն ազդակներ, Սարգսյանը պատասխանեց.

«Տեղեկություն չեմ կարող տալ, սպասում ենք արձագանքի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ