Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է հանձնաժողովի` Թուրքիայի վերաբերյալ հաշվետվության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։
Նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ելնելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության շահերից։
Հանձնաժողովը կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի եւ երկու երկրների միջեւ սահմանի բացումը, եւ ողջունում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը` գոհունակությամբ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
«Հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»,- ասված է զեկույցում։
Փաստաթղթում Թուրքիային ուղղված եւս մեկ կոչ կա, այն է` ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը