Պարզ ասած, ռուսական կողմն ասում է, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, ապա մեզանից ի՞նչ եք ուզում` ակնարկելով, որ իրենց առաջադրած խաղի կանոններով, Արցախի ադրբեջանացում չէր ենթադրվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունը:
«Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, որում ըստ էության նշվում է, որ ՀՀ իշխանության` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը հիմնովի փոխել է գործընթացի տրամաբանությունը:
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, վերոնշյալ հանգամանքը հաշվի առնելով, պետք չէ իրադրության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա գցել:
Պարզ ասած, ռուսական կողմն ասում է, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, ապա մեզանից ի՞նչ եք ուզում` ակնարկելով, որ իրենց առաջադրած խաղի կանոններով, Արցախի ադրբեջանացում չէր ենթադրվում:
2022-ի Պրահայի հայտնի գործընթացից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով մտադրություն հայտնեց ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ նրա թիմակիցներն ադրբեջանական թեզերով սկսեցին «հիմնավորել» Արցախի ադրբեջանական լինելը, ռուսական կողմն արդեն մի քանի անգամ է նմանօրինակ բովանդակության ազդակներ է հղում:
ՌԴ-ից նաև ակնարկում են, որ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն առնվազն ենթադրում էր կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հետաձգում, սակայն ՀՀ իշխանության նախաձեռնությամբ գործընթացում հիմք ընդունվեց ադրբեջանական օրակարգը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ 2022թ. հոկտեմբերին եւ 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս եւ սա արմատապես փոխել է հիմնարար պայմանները, որոնց պարագայում է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։ ԱԳՆ-ի հայտարարությունում ասվում է, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը