«Արցախի՝ 7 ամիս շարունակվող շրջափակումը հասել է օրհասկան կետի, երբ այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների 20 հազար տարեցների կյանքը, երբ այլևս մի ողջ ժողովրդի գլխին կախված է գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են և ընդգծված»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող Արցախի ապաշրջափակման պահանջով հանրահավաքի ժամանակ ելույթն այսպես սկսեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել բոլորին»,- ասաց Գեղամ Ստեփանյանը՝ նշելով․ « Այսօր ահազանգի կոչնակ հնչեցնելու հերթական պահն է, որը բոլորս միասին պետք է անենք: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մարդու իրավունքնե՞ր եք ասում, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում՝ ձեթ կամ շաքարավազ ստանալու համար... Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը