Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես տեղյակ եք հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից:
Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետեւ Լաչինի միջանցքը շրջափակված է ամբողջապես: ԼՂ-ին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից:
Միաժամանակ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության եւ քարոզչության շարունակական սրում հատկապես ԼՂ-ի ուղղությամբ: Չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը