Կառավարությունը հունիսի 29-ի նիստի ժամանակ երկարաձգեց ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքը:
Որոշման նախագծով ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ:
Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։
Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։
Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N2007-Ն որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի հուլիսի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը