Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ.
«Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։
Ադրբեջանի գործողությունների արդյունքում խափանվել է բուժառուների նախատեսված բժշկական տարհանումն Արցախից Հայաստան և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող տեղափոխումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ համակազմի միջնորդությամբ։ Կանգնեցվել է նաև ռուս խաղաղապահների բեռնատարների ընթացքը, որոնք ուղևորվել էին Գորիս՝ հումանիտար բեռներ Արցախ հասցնելու նպատակով։
Ավելի քան 6 ամիս շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման պատճառով առանց այն էլ սահմանափակ ռեժիմով և բացառապես հումանիտար նպատակներով օգտագործվող Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը ևս մեկ անգամ գործնականում ցուցադրում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, անտեսում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը։ Փաստորեն, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետն Ադրբեջանի կողմից օգտագործվում է բացառապես որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, ի շարունակումն Արցախի էթնիկ զտմանը և հայրենի հողից նրա ժողովրդի վտարմանն ուղղված իրենց քաղաքականության, որն իրականացվում է անտանելի կենսապայմանների ստեղծման, այդ թվում՝ այսպես կոչված էկոակտիվիստների միջոցով սկսված Արցախի երկարատև շրջափակման, Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատման և այլ հակաիրավական գործողությունների միջոցով, որոշել են նոր սադրանքների դիմել՝ միտված շրջափակման խստացմանը և արտաքին աշխարհից Արցախի ժողովրդի մեկուսացմանը՝ նրան զրկելով նույնիսկ սահմանափակ տեղաշարժի և ԿԽՄԿ ու ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների փոխադրման հնարավորությունից։
Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության նկատմամբ ամենաթողության և միջազգային հանրության կողմից վճռական միջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում։ Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից և հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նմանօրինակ ապօրինի և ագրեսիվ քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության և առաջին հերթին՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համարժեք քաղաքական գնահատականին։
Կրկին ընդգծում ենք, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների պարտավորությունն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը