7or.am-ը գրում է․ Եթե մեկը ձեր մերձակայքում կամ սոցցանցային հարթակում անթաքույց ատելությամբ է արտահայտվում Արցախի ու արցախցի հայերի հասցեին, ապա կարող եք չկասկածել, որ նա 100 տոկոսով Նիկոլ Փաշինյանի մոլեռանդ երկրպագու է, եթե անգամ «ձեռքի հետ» նրա հասցեին էլ մեկ-երկու կիսատ-պռատ բան ասի:
Արցախի ու Արցախի հայության նկատմամբ ատելությունը Նիկոլ Փաշինյանը միշտ է դրսևորել, այլ թվում՝ 15-20 տարվա վաղեմության իր որոշ հոդվածներում: Ավելի ճիշտ, նախկինում Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ ու ավելի շատ աչքի էր ընկնում ոչ թե բացահայտ արցախատյացությամբ, այլ բացահայտ պրոադրբեջանական քարոզչություն տարածելով: Իր թերթը, իր թերթի աշխատակիցների մեծ մասը, որոնք սահուն կերպով հիմա գրեթե ամբողջ խմբագրակազմով դեպուտատ ու պաշտոնյա են, ակնհայտ պրոադրբեջանական քարոզչություն էին իրականացնում տարիներ շարունակ: Ադրբեջանամետ ու թրքասեր լինելը «Հայկական ժամանակ» թերթում աշխատելու պարտադիր պայման է եղել, ըստ երևույթին: Եվ դա տարիներ շարունակ արտահայտվել է: Թերթի անվանումն էլ՝ «Հայկական ժամանակ», պետք է հասկանալ որպես յուրօրինակ ծաղր, առավել ևս, որ դրանց մոտ ամեն ինչ է «հակառակ կողմից»՝ երկիրը, ասածները, հայտարարությունները, արածները:
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, գործնականում հեղաշրջման միջոցով զավթեց Հայաստանի իշխանությունը, Արցախի ու Արցախի հայերի նկատմամբ ատելությունը, արցախատյացությունը դարձավ պաշտոնական քարոզչության ու գաղափարախոսության հիմնական ուղղություններից մեկը: Արցախատյացությունը հասցվեց պաշտոնական, պետական գաղափարախոսության հարթություն, ինչն առավել ցայտուն դրսևորվում է 44-օրյա պատերազմից հետո, վերջին 2-3 տարիներին:
Այս օրերին շատերի ուշադրությունը գրավեց փաշինյանական մի մարզային մանր պաշտոնյայի կողմից համագյուղացի մի երիտասարդի վրա նենգորեն հարձակվելու և վնասվածքներ պատճառելու վայրենի միջադեպը: Հընթացս այդ ՔՊ-ականի անձով հետաքրքրվողները հայտնաբերեցին նրա մի ֆեյսբուքյան տեսամիացում, որտեղ դա պատմում է, թե ինչպես է մեքենայից հանել ու «չոլերում թողել» 7-8 տարեկան մի տղայի, որ Արցախից հարկարդյալ տեղափոխված է: Իսկ այդպես է վարվել, որովհետև երեխան ասել է, որ դավաճան Նիկոլը Արցախը հանձնեց, հիմա էլ Երևանն է հանձնելու: Այդ տեսամիացման ընթացքում հիշյալ ՔՊ-ականն, ի դեպ, գործածեց մի քանի արտահայտություն, որոնք բնորոշ են բոլոր նիկոլականներին, որոնք, կուսակցական «վերին» հրահանգով, նույն «կաղապարային ապուշությունն» են կրկնում:
Դա, իսկապես էլ քպ-ական քարոզչություն է, որն իրականացվում է այսպես ասած՝ «ականջդ բեր, ասեմ» տարբերակով, այսինքն՝ բանավոր, առանց թերթերում կամ կայքերում գրելու, սակայն տարածվում է բավականին արագ ու նաև որոշակի նստված թողնում է:
Փաշինյանական նման հորինվածքներից մեկը շատերդ եք տեսել կամ լսել, հաստատապես: Խոսքն այն տմարդի հորինվածքի մասին է, թե ինչ-որ մի զինվոր, Արցախում ծառայելու ժամանակ մոտակա գյուղի մի բնակչից ջուր է ուզել ու նրան մի բաժակ ջուր չեն տվել: Այս «պատմությունը», ի դեպ, ամենատարբեր վարկածներով, հավելումներով ու «մանրամասնություններով» ինչպես ասես, որ չշրջանառեցին: Բայց ո՛չ զինվորն ու նրա զորամասի համարը հայտնի դարձան, ո՛չ կոնկրետ այն գյուղը, որտեղ մեկից մի բաժակ ջուր են ուզել ու մերժում ստացել:
Մյուս հորինվածքը շատ ավելի նենգ է, ինչը իր տեսամիացման մեջ կրկնում է հիշյալ ՔՊ-ականը: Թե բա՝ «Արցախցի տղամարդիկ կանացի շորեր հագած փախան Հայաստան կռվի ժամանակ…»: Սա ոչ միայն նենգ հորինվածք է, այլև կրկնակի ստորություն է Արցախի մեր հայրենակիցների, հատկապես պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակի և պատերազմում կյանքն ու առողջությունը դրած տղաների նկատմամբ: Եվ եռակի ստորություն է, քանզի մեզ մեր հայրենիքում իրարից բաժանելու նպատակ էլ է հետապնդում (արցախցի-հայաստանցի տարբերակով):
Որտեղի՞ց է սնուցվում, ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի արցախատյացությունը: Ինչ-որ տեղ միգուցե հնարավոր լիներ այլ՝ անձնական բնույթի մոտիվներով փորձել հասկանալ, թե որտեղից է գալիս Նիկոլ Փաշինյանի խմբում ներգրավված, արցախյան ծագում ունեցող որոշ անձանց ծայրահեղ ատելությունն Արցախի նկատմամբ (գուցե երեխա ժամանակ Արցախում ծառից ընկել են ու չարությամբ լցվել): Իսկ այ, ենոքավանցի-իջևանցի Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ արցախատյացությունը դժվար չէ նկատել, թե որտեղից է գալիս ու ինչով է պայմանավորված:
Նիկոլ Փաշինյանը եթե նախկինում սպասարկում էր ադրբեջանաթուրքական քարոզչական շահերը՝ Հայաստանի տեղեկատվական, այնուհետև՝ քաղաքական դաշտերում, ապա իշխանությունը զավթելուց հետո նա լծված է ուղղակիորեն ադրբեջանական ու թուրքական շահերի սպասարկմանը: Իսկ այս սպասարկումը լիարժեք իրականացնելուն խանգարում են Արցախն ու Արցախի հայությունը, այն որ իրենք գոյություն ունեն: Այստեղից էլ նրա ու նրա հրահանգով սերմանվող արցախատյացությունը: Հնարավոր է՝ կան նաև այլ շարժառիթներ: Բայց այս դեպքում էականը ոչ թե դրանք են, այլ այն, որ փաշինյանական իշխանության սերմանած արցախատյացությունը, առնվազն նիկոլական շրջանակներում, խիստ տարածված է, ու դա, նաև լայն հեռանկարում, խնդրահարույց է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը