02 06 2023

Մայր Աթոռում քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները

Մայր Աթոռում քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։

Քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։

Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, ներկայացնելով հարթակի ձևավորման նախընթաց պատմությունը, նպատակը և ձևաչափը, մասնավորաբար տեղեկացրեց, որ Նորին Սրբության նախաձեռնությամբ տևական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձևավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում հաստատվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ և տրվել քննարկումների մեկնարկը։

Այնուհետև համակարգող Սրբազանը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առիթով իր պատգամը փոխանցելու մասնակիցներին։

 Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերելով հարթակի կազմակերպիչ հանձնախմբին և քննարկման մասնակիցներին՝ Նորին Սրբությունը նշեց, որ որպես քննարկման առաջին նյութ ընտրվել է  «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման՝ նկատի առնելով հայրենական կյանքը փոթորկող գործընթացները, առկա անվտանգային հիմնախնդիրներն ու Արցախի ժողովրդի դեմ սաստկացող գոյաբանական սպառնալիքները։ «Լիահույս ենք, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերների շուրջ միասնական  խորհրդածությամբ կկարողանանք ձևակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարևորությամբ նկատի կառնվեն ինչպես իշխանությունների, այնպես և քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից և առիթ կհանդիսանան՝ մեր ողջ ներուժով համախմբվելու ու դուրս բերելու երկիրը առկա բարդ իրավիճակից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը», - ասաց Վեհափառ Հայրապետը։

Իր խոսքում Հայոց Հովվապետը նաև ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, որ դարեր շարունակ փայփայողն է եղել մեր ժողովրդի՝ անկախ պետականության վերահաստատման տեսլականի, այսօր էլ պիտի շարունակի իր ողջ կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման, Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության, ազգի անվտանգ կյանքի և լուսավոր գալիքի կերտման:

Թեմայի շրջանակներում «Թուրքական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» զեկույցով հանդես եկավ արևելագետ, բ. գ. թ., պ. գ. դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Զեկուցողը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռևս 1990-ական թվականներին՝ նշելով, որ տարիների ընթացքում դրանք էլ ավելի սպառնալից են դարձել. «Այժմ թուրքական նախապայմանները հավասարազոր են մարտահրավերների։ Եվ այդ մարտահրավերներից յուրաքանչյուրը վերաբերում է մեր պետության, մեր ինքնության անկյունաքարային խնդիրներին։ Հետևաբար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը և պետականությանը», - նշեց պրն. Մելքոնյանը՝ կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների։

«Մարտահրավերներ արցախյան հարցի շուրջ և հաղթահարման ուղիներ» թեմայով զեկույց ներկայացրեց կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում պրն. Քոչարյանը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը, ընդգծեց, որ պետք է  ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից. «Չկան փրկիչներ ո՛չ երկրի ներսում (անհատներ, կուսակցություններ, մարդկանց խմբեր), ո՛չ երկրից դուրս (ոչ մի պետություն մեր փոխարեն չի պայքարելու): Փրկիչը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ փրկությունը կլինի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում»,-նշեց պրն. Քոչարյանը:

Զեկույցների ավարտից հետո ծավալվեցին քննարկումներ, եղան ելույթներ Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։

Առկա մարտահրավերների հաղթահարման և հիմնախնդիրներին լուծումներ գտնելու պատրաստակամությամբ հույս հայտնվեց, որ հարթակի քննարկումները կլինեն շարունակական։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ