29 05 2023

Որքան Նիկոլ Փաշինյանն իջեցնում է նշաձողը, այնքան ավելի ու ավելի է բացվում Ալիևի ախորժակը. վերլուծական

Որքան Նիկոլ Փաշինյանն իջեցնում է նշաձողը, այնքան ավելի ու ավելի է բացվում Ալիևի ախորժակը. վերլուծական

7or.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով իր սիրելի գործընկեր և համախոհ Ալիևինախօրեի հայտարարություններին՝ տեսախցիկների համար «տարակուսանք» ցուցադրեց՝ նշելով, թե Ալիևի ասածները նշանակո՞ւմ են, որ նա հրաժարվում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից: Դեռ մի բան էլ իր անձնական ԱԳ նախարարին, թե՝ պարոն Միրզոյան պիտի մեր գործընկերներից այս հարցի պատասխանն ստանանք...

Մինչ Միրզոյան Արարատը «կգնա» իր գործընկերներից պատասխաններ ստանալու, նշենք պատասխանի մեր՝ թերևս ամենից ճիշտ տարբերակը: Մայիսի 28-ին կոնկրետ Արցախի հայությանն ուղղված սպառնալիքներով հայտարարություն անելով՝ Ալիևը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվում է, այլ հակառակը՝ նա նման հայտարարություններ է անում այդ և մյուս պայմանավորվածությունների հիման վրա ու դրանք զարգացնելով:

Իսկ ինչեր է ասել Ալիևը: Իսկ նա պահանջել է, որ Արցախում լուծարվի խորհրդարանը, առհասարակ՝ պետական իշխանության մարմինները, իսկ պատգամավորները և մյուս պատկան պաշտոնյաները, թերևս բերանքսիվայր մեղա գան, որից հետո Ալիևը կմտածի՝ նրանց պատժե՞լ, թե՞ ոնց:

Ալիևի հիմնական շեշտադրումը այն է, որ միջազգային կազմակերպությունները արդեն լիովին համաձայնել են ադրբեջանական դիրքորոշման հետ՝ Ղարաբաղի հարցում: Իսկ այդ հարցում ադրբեջանական դիրքորոշումը, ինչպես հայտնի է, այն է, որ ոչ մի Ղարաբաղ էլ չկա, իսկ եթե ինչ-որ հայեր կան, ապա նրանք կա՛մ թողնում-գնում են այդ բազմահազարամյա «ադրբեջանական» հողերից, կա՛մ ադրբեջանական քաղաքացիություն են ընդունում ու այդ կարգավիճակով բնաջնջվում:

Այդ ամենից բացի, Ալիևը հայտարարել է, որ «Միացման» էջը փակված է, անջատողականության հարցը փակված է: Բառացի ասել է. «Անկախության երազանքը գնացել է կարգավիճակի հետևից։ Մենք արդեն ուղարկել ենք կարգավիճակը պետք եղած տեղը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»:

Ալիևն, իհարկե, թեթևակի ստել է, ինչը բնորոշ է բոլոր նիկոլականներին: Արցախի կարգավիճակի հարցը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո փակված չի եղել,ավելին, ԵԱՀԿ ՍԽ համանախագահ ներկրների հայտարարություններում այն դեռ արծարծվում էր նույնիսկ այդ հետպատերազմական շրջանում: Անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությամբ այդ հարցը փակված չի եղել: Հարցը, գոնե իրենց ընկալմամբ, Ալիևն ու նրա սիրելի ծաղրածու Նիկոլ Փաշինյանը փակել են նախ, Պրաhայում՝ 2022 թվականին, փակել են Վաշինգտոնում, Բրյուսելում:

Իսկ այն, որ Ալիևը հիմա նման հայտարարություններ է անում և ուղիղ սպառնալիքներով դիմում Արցախի հայությանը, ուղիղ գծով հետևանքն է նրա ու Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի պայմանավորվածությունների:

Ոչ թե հրաժարվում է այդ պայմանավորվածություններից, այլ դրանց հետևանք: Միաժամանակ դա, որպես հետևանք, ուղիղ գծով կապված է Նիկոլ Փաշինյանի կործանարար դիրքորոշման, այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգի» և թշնամու առաջ անընդհատ կզելու «քաղաքականության»:

Որքան Նիկոլ Փաշինյանն իջեցնում է նշաձողը, այնքան ավելի ու ավելի է բացվում Ալիևի ախորժակը, ու դա, նկատենք, օրինաչափ է: Այնպես որ, նիկոլականները, որոնց «հայրենասիրությունը» ձևակերպված է «Արցախը տանք թուրքին ու հանգիստ առուտուր անենք» փաշինյանական մտայնությամբ, թող չկասկածեն, որ Արցախի հայությանը բնաջնջելուց հետո գալու է Հայաստանի հերթը։

Ինչ վերաբերում է «ժողովրդին», ապա այն պասիվ կեցվածքով, մի քիչ էլ՝ ուրախ-զվարթ, սպասում է, թե երբ կհայտարարվի Հայաստանի լուծարման մասին, որպեսզի այդ հիմքով եվրոպաներում կամ կանադաներում վիզը ծռած ապաստան մուրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ