Գերմանահայոց Կեդրոնական Խորհրդի վարչության հայտարարությունը․
«Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցություն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով, որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։
Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։
Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաև խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի և ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ և թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն։ համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն:
ԳԿԽ Վարչություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը