Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը: Այնուամենայնիվ, Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Արևմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը»։
«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինվորականներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչով նրանք զբաղված»,- ասել է Շոյգուն։
«Այդ առումով մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ»,- ընդգծել է նախարարը։
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներում Հայաստանի մասնակցության կարևորությունը»,- ասել է Շոյգուն՝ հինգշաբթի Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը