20 05 2023

Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցների հայտարարությունը․ այն տարածվել է նաև ադրբեջաներենով



 

Կոռնիձորում 2023 թ. մայիսի 20-ին կայացած հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որը տարածվել է 4 լեզուներով, հայերենի բացի, նաև ռուսերենով, անգլերենով ու ադրբեջաներենով։ Հայտարարության մեջ ասվում է․

«Մենք՝ Արցախի և արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ՝

  • հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ.
  • հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.
  • Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.
  • Արցախի ինքնիշխանության և արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը և գործադրումը Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտավորությունն է.
  • Հայաստանի որևէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռչակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.
  • Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում.
  • Իրական և երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.
  • Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել և պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.
  • Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք և ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։

Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։

Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ