18 05 2023

Գերեվարված է մեր հայրենիքի մի հատվածը՝ մեր սիրելի Արցախ աշխարհը․ Բագրատ Սրբազան

Գերեվարված է մեր հայրենիքի մի հատվածը՝ մեր սիրելի Արցախ աշխարհը․ Բագրատ Սրբազան

Մայիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է  Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնոր Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․28։21) և թելադրեց պատասխանատվություն ստանձնել իրենց վստահված քարոզչության նկատմամբ, լինել վկաներն Իր անանցանելի  ճշմարտությունների, չվախենալ դաժան հարվածներից, չերկմտել ճշմարտությունը բարձրացնելիս, անդադար քարոզել Աստծո խոսքը, դարձի բերել մոլորվածներին, վերացնել սուտն ու կեղծիքը, մարդկանց դարձնել Աստծո սեփական ժողովուրդը՝ ծառայությունից կոչելով որդիության։

Այնուհետև, խոսելով հայ ժողովրդի կյանքում առկա մարտահրավերների մասին, Բագրատ արքեպիսկոպոսն ասաց․ «Այսօր էլ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ գերեվարված է մեր հայրենիքի մի հատվածը՝ մեր սիրելի Արցախ աշխարհը, մեր քույրերն ու եղբայրները, որոնց ոչ ոք չի կարող բաժանել մեզանից։ Երբ ապրում ենք բազմահազար զոհերի, վիրավոր զավակների, գերության տանջանքների մեջ գտնվող և անհայտնության ճիրաններում հայտնված մեր սիրելի զավակների իրողությամբ, երբ կանգնած ենք անելանելի որոշումներ կայացնելու առջև՝ փնտրելու լույսի և հույսի ճանապարհներ, երբ ապրում ենք գողացված ուրախության, գողացված պատվի, գողացված նպատակի, գողացվող հույսերի, գողացվող հավատքի և սիրո իրականության մեջ, մեր Տերը դարձյալ գալիս է մեզ հիշեցնելու և քաջալերելու՝ «Ահավասիկ Ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․ 28։21), ձեզ հետ եմ ամեն վայրկյան, ձեր տառապանքները կրող, ձեզ հետ քայլող, ապրող, գործող և ձեր միջոցով նաև իրադարձություններին թելադրանք և ուղղություն տվող»։

Անդրադարձ կատարելով Կաթողիկոսական Աթոռի Սուրբ Էջմիածին տեղափոխությանը՝  Սրբազան Հայրն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ազգընտիր գահակալի օրհնությամբ և առաջնորդությամբ  փորձում է դառնալ այն տապանը, առաջնորդող ուղին, ճանապարհը, որը չի սպանում հույսը, այլ կյանքի պատգամ է հղում՝ իր շուրջը հավաքելով աշխարհասփյուռ հայորդիներին։

«Այսօր Հայոց Եկեղեցին բոլոր տագնապների ու մարտահրավերների մեջ վերստին կոչում և հրավիրում է իր զավակներին տեր կանգնել իրենց պատասխանատվությանը և իրավունքին, չերկնչել աշխարհի դավերից  ու ցավերից, չվախենալ նահատակության փառքի պսակից, չտատամսել Աստծու խոսքի հավատարմության մեջ»,- նշել է Բագրատ Սրբազանը` միևնույն ժամանակ միաբանության անունից տոնի կապակցությամբ մաղթելով Ամենայն Հայոց Հայրապետին երկար արևշատ գահակալության օրեր, որպեսզի հայորդիները տեսնեն ծաղկումն ու վերականգնումը համբուրելի հայրենիքի։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա  հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ