Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում։
Հաղորդվում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին՝ Քիշնևում: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։
«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում։
Նրանց քննարկումները կշարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպմանը 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը