Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ առկա խնդիրները բանակցություններով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Այս մասին Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրեց տվյալ պահին պայմանագիր ստորագրելու հիմնական խոչընդոտները․ «Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցում հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է. անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակում: Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները, և վերջապես, չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Մենք շարունակում ենք մեր ջանքերը նշված բոլոր ոլորտներում հաջողության հասնելու ուղղությամբ»,- ասել է նա Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը