21 03 2023

ՔՊ խմբակցության նիստում խոսեք տարօրինակ կերպով գերարագ հարստացողներից․ Գեղամ Նազարյան



 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթը՝ խորհրդարանում․

Ազգային ժողովում այսօր ոչ վաղ անցյալի պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձը տեղի ունեցավ, որն ինձ ստիպեց անդրադառնալ բանակցային գործընթացին:

Եւ այսպես, ի՞նչ էր իրենից ենթադրում Ընդհանուր պետությունը:

Ընդհանուր պետության գաղափարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկեցին 1998- ի նոյեմբերին՝ Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի ակտիվ ջանքերով:

Այդ տարբերակի իմաստն այն էր, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է կազմեին «Ընդհանուր պետություն»:

Ի տարբերություն Փաթեթայինի ձեւակերպման՝ թե Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում, Ընդհանուր պետության տարբերակում Ղարաբաղի Կարգավիճակի մասին ասվում էր՝ «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

«Ընդհանուր պետություն» կազմելով Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղը միաժամանակ ունենալու էր սեփական սահմանադրությունը, կառավարման մարմինները, դրոշը, զինանշանն ու օրհներգը, հայերենը լինելու էր հիմնական պաշտոնական լեզուն:

Արցախը պետք է ունենար կամավորության սկզբունքով ձևավորված անվտանգության և ոստիկանական ուժեր, որ չէին կարող գործել Արցախից դուրս: Ադրբեջանի բանակն, անվտանգության ուժերը և ոստիկանությունն էլ իրավունք չէին ունենա մտնել Արցախի տարածք:

Ինչպես նախորդ տարբերակներում, այս մեկում ևս Հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից, բացառությամբ` Լաչինի:

Փաստաթղթում առանձին կետերով նշվում էր, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Շուշի, հայերը՝ Շահումյան։

Ադրբեջանը ընդհանուր պետության գաղափարը մերժում է:
Հեյդար Ալիևը 2001 թվականի փետրվարին խորհրդարանում այդ տարբերակի մասին ասում է հետևյալը.

«Ադրբեջանում մի ասացվածք կա` սա ավելի սև է, քան սևը: Համեմատած նախկին առաջարկների հետ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի»:

Ինչ վերաբերում է քիվեսթյան տարբերակին, ապա կրկին անգամ կոչ եմ անում այլեւս չխեղաթյուրել պատմությունը: Ընդամենն առաջարկ է եղել Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին միացնել Հայաստանին, իսկ փոխարենը Մեղրիի ենթաշրջանով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, որը լինելու էր թունելների եւ էստակադաների տեսքով, որը որեւէ կերպ չէր հատվելու այլ, այդ թվում Իրան-Հայաստան ճանապարհին: Այլ կերպ ասած Մեղրիի շրջանն ամբողջությամբ մնալու էր Հայաստանի կազմում:

Դե հիմա համեմատեք այս տարբերակներն ու այսօրվա վիճակը: Ի դեպ, եթե 44-օրյա պատերազմի պարտության պատճառը կոռուպցիան լիներ, ապա մենք վաղուց պետք է ազատագրած լինեինք նաեւ Ապշերոնի թերակղզին:

Իհարկե, կոռուպցիան, գողությունը շատ վատ բան է, պետք է ամեն ինչ անել որ այն չլինի, բայց ասել, որ մեր պարտության պատճառը Հովիկ Աբրահամյանի տունն է՝ սխալ է, ճիշտ չէ: Իսկ ամենատարօրինակն այն է, որ նրանք, ովքեր խոսում են այդ տնից, նմանատիպ տներից, չգիտես ինչու չեն ասում, թե այդ դեպքում ինչու են այսօր ոմանք համառ ջանքեր գործադրում այդ տներին տեր կանգնելու համար, եւ թե ինչու է ԱՄն պետքարտուղարությամբ զեկույցում նշված, որ Հայաստանը շարչունակում է կոռուպցիոն ավանդույթները:

Քաղաքացիական պայմանագրին առաջարկում եմ խմբակցության նիստում խոսեք այդ մասին, խոսեք վերջին տարիներին տարօրինակ կերպով գերարագ հարստացողներից: Խոսեք, գուցե աստիճանաբար տեղեկանաք, թե երկրում ինչ իրավիճակ է:

Ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ