7or.am-ը գրում է․
Մարտի 18–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» սպառվել է, և որ Հայաստանին սպառնում է ոչնչացում։
Արարատ/Arabat Միրզոյանի «կանտոռան» Հայաստանին ու Արցախին սպասվող ոչնչացման ադրբեջանական սցենարը նկարագրելուց հետո ասել էր, թե որն է լինելու ՀՀ իշխանությունների քայլերը։
«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»,–ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Փաստորեն ստացվում է, որ ՀՀ–ն ադրբեջանական սպասվող լայնամասշտաբ ագրեսիայի դեմն առնելու հարցում հույսը դրել է Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման վրա։ Մեկ էլ՝ ակնկալում է քաղաքական գնահատական Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։ Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը վեր է տնկել։ Վեր տնկած ձեռքերով հեղափոխություն արածներից այլ բան չէր էլ սպասվում։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակներին, ապա Նիկոլն՝ ըստ ԱԳՆ տարածած նույն հայտարարության, շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Նիկոլը պատառոտում է մեր երկիրը՝ արևմտյան ու ռուսական հարթակներում միևնույն ժամանակ նստեցնելով։
Ռուսերեն մի խոսք կա, ասում են՝ «широко шагаешь — штаны порвёшь»: Նիկոլը միևնույն ժամանակ «այո» է ասում վաշինգտոնյան ու մոսկովյան հարթակներին։ Դա նոնսենս է, քանզի պատերազմող Արևմուտքն ու Ռուսաստանը չեն կարող համադրել իրենց հարթակները։
Նիկոլը Պրահայում ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ալիևն ասում է, որ պետք է այդ ամենը թղթին տալ ու պատրաստվել նոր զիջումների։
Պրահայում տեղի ունեցածը փաստացի նշանակում է վերանայել 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է վերանայել Լաչինի միջանցքի կարգավիճակը ու հնարավորություն տալ Ալիևին գնալ հանցագործության։
Նիկոլը Հայաստանն ու Արցախը դարձրել է առևտրի առարկա՝ սեփական անվտանգության դիմաց։ Էլ ումի՞ց է բողոքում նրա ԱԳՆ–ն։
Իրականությունն այն է, որ Նիկոլն ԱԳՆ–ի շուրթերով պարզապես տեղյակ է պահում, որ Հայաստանը ոչնչացման եզրին է, որ իր «խաղաղության օրակարգն» իրականում պատերազմի ու պարտության օրակարգ էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը