07 03 2023

«Ռադիոակտիվ» սաղավարտ՝ «ջերմամիջուկային» գրությամբ․ 7or.am

«Ռադիոակտիվ» սաղավարտ՝ «ջերմամիջուկային» գրությամբ․ 7or.am

7or.am-ը գրում է․ Մի պահ պատկերացրեք, որ ավտոբուս եք մտնում և առաջինն, ինչ նկատում եք, ղեկի մոտ նստած հայրենակիցն է՝ մուգ կապույտ գլխարկով, որի վրա սպիտակով գրված է. «ՀՀ թիվ N երթուղու ավտոբուսի վարորդ»: Քիչ առաջ եք շարժվում ու նկատում, որ նստարանի վրա գրված է. «ՀՀ թիվ N երթուղու ավտոբուսի նստարան (չզբաղեցված)»: Իսկ ձեր շուրջը գտնվող ուղևորների բաճկոններին, վերարկուներին, գլխարկներին կամ թասակներին գրված է. «ՀՀ հպարտ քաղաքացի, թիվ N երթուղու ավտոբուսի ուղևոր»: Վճարում եք, ձեզ անհրաժեշտ կանգառում իջնում եք այդ «հոգեխանգարված» ավտոբուսից, մոտենում եք թերթի կրպակին, որի վրա փակցված է գրություն. «ՀՀ թերթի բուդկա», իսկ կրպակավաճառը ձեզ է նայում կեպիի տակից, որի վրա գրված է. «ՀՀ կրպակավաճառ»: Մայթով մարդիկ են անցնում, հասկանալի է, չէ՞, որ նրանց հագուստների, գլխարկների վրա գրություններ են. «ՀՀ պատահական անցորդ»...

Նման ֆանտասմագորիկ պատկերներ երևակայելու առիթ տվեց այն իրողությունը, որ նախօրեին Մեծամորի ԱԷԿ այցելած Նիկոլ Փաշինյանը տարածքում շրջում էր սաղավարտով, որի վրա գրված էր. «ՀՀ վարչապետ»: Նման դեպքերում սանտեխնիկ ուստա Կարոն կասեր՝ «յանըմ ի՞նչ...», ապա զայրույթը կպարպեր խողովակային բանալու, նույն ինքը՝ «տրուբնոյ կլյուչի» վրա:

Չէ, բայց իրոք: Սաղավարտի վրա որպես ի՞նչ էին գրել «ՀՀ վարչապետ»: Միգուցե, որ չշփոթե՞ն, թե որ սաղավարտն ումն է: Իսկ միգուցե նրա համա՞ր, որ եթե հանկարծ ինչ-որ տարրալուծող ազար ներկաներին տարրալուծեր, սաղավարտի վրայի գրությամբ իմանայի՞ն, թե հատկապես որ կետում է տարրալուծվել կոնկրետ անձը: Մի խոսքով, դա յուրօրինակ «ռադիոակտիվ» սաղավարտ էր՝ «ջերմամիջուկային» գրությամբ:

Մյուս հետաքրքրաշարժ հանգամանքը, կապված Նիկոլ Փաշինյանի՝ ատոմակայան այցելելու հետ, այն է, որ նախօրեին նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևը փիս-փիս բաներ էր ասել Հայկական ԱԷԿ-ի հասցեին:

Դե, մեր ատոմակայանի դեմ զանազան-զարմանազան հայտարարություններ անելն առհասարակ Թուրքիայի ու Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ու Ալիևի սիրելի զբաղմունքներից է: Երբ այլևս հաչելու այլ թեմա չեն ունենում, սկսում են Մեծամորի ԱԷԿ-ից կաղկանձել: Ըստ որում՝ նրանցից մեկը (Էրդողանը) գերսեյսմիկ Թուրքիայում խոշոր ԱԷԿ կառուցելու ծրագրեր է իրագործում, իսկ մյուսը նստած է շրջակա միջավայրի համար ամենից վնասակար էներգակրի՝ նավթի վրա:

Այստեղ այլ բան ուշադրություն գրավեց. այն, որ Ալիևը ԱԷԿ-ի վտանգավորության մասին հերթական անգամ խոսեց, իսկ Փաշինյանն արագ-արագ գնաց ատոմակայան՝ տարեկան հաշվետվություն լսելու: Նրանք, ի՞նչ է, համաձայնեցնո՞ւմ են իրենց հայտարարությունները, գործողություններն ու այցերը, թե՞ դա զուտ պատահականություն է:

Եվ վերջինը. անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանի այցը ատոմակայան խիստ մտահոգում է: Առանց կատակի ու սարկազմի: Իսկապես մտահոգում է: Այն պարզ և կռահելի առումով, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Հայաստանում ուր գնում են չեն գնում, այդտեղ մի աղետ, մի վատ բան կատարվում է: Շուշիում էին պարում, նկարվում... հանձնեցին թշնամուն, քիչ չի, մի հատ էլ հայտարարեցին, թե «դժբախտ-դժգույն քաղաք էր»: Քարվաճառում ՀԴՄ կտրոնի սկանդալ էր սարքել՝ ռեստորանով հանդերձ, առանց մի կրակոցի հանձնեցին թշնամուն, Շուռնուխում հավկիթով մեքենային էին խփել, թե քաղցր բառեր էին ասել, գյուղի կեսը հանձնեց թշնամուն, Սիսիանի բարձունքներում ճանապարհը փակեցին, մեկ տարի անց Սև լճով, Ուղտասարի կեսով տվեց...
Հիմա էլ, ահա, ատոմակայան էր գնացել...

Համբերություն՝ մեր բազմաչարչար ՀՀ խալխին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ