Ադրբեջանական վերջին օրերի սադրանքների գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Վերջին օրերին եւ´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, եւ´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են փոխանցում Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն:
Նշեմ, որ այս միտումը դրսեւորվում է առնվազն վերջին 20 օրվա ընթացքում:
Ադրբեջանական սադրանքները հիմնականում դրսեւորվում են ակտիվացող գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին, փորձ է արվում խնդիրներ ստեղծել ՊԲ մարտական հերթապահություն իրականացվող անձնակազմի համար, սակայն գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է:
Ի դեպ, վերջին օրերին, Ադրբեջանը հիմնական կրակահերթերն արձակում է առաջնագծի` տեխնիկական ապահովումն իրականացնող միջոցների ուղղությամբ:
Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը:
Այս հարցի հետ կապված տարբեր գործոններ են առկա, սակայն առանցքայինն այն է, որ «Լաչինի միջանցքի» փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել` գազի, էլեկտրաէներգիայի խափանումներ եւ այլն, որոնք եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված աստիճանաբար իրենց ազդեցությունը կորցնում են, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք համարժեք փոփոխության ենթարկել, ինչի հետեւանքով որոշակի ակտիվացում է մտցնում առաջնագծում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը