«Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին:
Իսկ նույն թվականի նախընտըրական քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ամոթ է ունենալ ծայրահեղ աղքատություն, հետո էլ խոստանում 5 տարվա մեջ կրճատել ծայրահեղ աղքատությունը, իսկ աղքատությունն էլ իջեցնել տասը տոկոսային կետով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աղքատության մակարդակը 2021 թ․–ին Հայաստանում կազմել է 26.5 %: Սա նշանակում է, որ ամեն 3–րդ մարդն աղքատ է Հայաստանում։ 2020 թ.-ին այս ցուցանիշը կազմել է 27 %, որը 0.6 %–ով գերազանցում է 2019 թ․–ի տվյալները։ Ավելին՝ ծայրահեղ աղքատության մակարդակը 2021 թ․–ին կազմել է 1.5 տոկոս, որը 2.1 անգամ ավելի է 2020 թ․-ին արձանագրված ցուցանիշից՝ 0.7 տոկոս:
Ինչպե՞ս են հաշվարկվել այս թվերը
Ըստ Վիճակագրական կոմիտեի գնահատականների՝ 2021 թ․–ն աղքատ է համարվել այն մարդը, ով ամսական 57 744 դրամից [140$] քիչ է ծախսել:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ աղքատների մեջ շատ են գործազուրկները, սակայն աղքատությունը միայն նրանց խնդիրը չէ․ շատ են նաև աշխատանք ունեցող աղքատները։ Խնդիրն այն է, որ նրանց աշխատավարձը հաճախ շատ չի տարբերվում աղքատության վերին շեմի ցուցանիշներից։
Աղքատության վերին շեմին մոտ է աղքատ բնակչության 45.7 %–ը:
Աղքատության մակարդակը բարձր է հատկապես մարզերում։
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում․ այստեղ բնակչության 48.1 %–ն աղքատ է։ Երևանում աղքատության ցուցանիշը 15.9 % է։
Նշենք, որ 2022 թվականի տվյալները դեռ ամփոփված չեն։
Ներկայացնում ենք աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշը Հայաստանում 2017-2021 թվականներին՝ աղյուսակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը