07 02 2023

ՀՀ իշխող ուժի հայտարարություններն առավել վտանգավոր դաշտ են ձևավորում Հայաստանի ու Արցախի շուրջ․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխող ուժի հայտարարություններն առավել վտանգավոր դաշտ են ձևավորում Հայաստանի ու Արցախի շուրջ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի խորհրդարանական բոլոր 5 ուժերը հայտարարությամբ արձագանքել են ՀՀ իշխող ուժի պարբերական դարձած այն մեկնաբանություններին, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:

Խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

Ողջունելով այս և նման իրավիճակներում Արցախի խորհրդարանի օպերատիվ արձագանքը, կարծում եմ, որ ՀՀ իշխող ուժի հայտարարություններն առավել վտանգավոր դաշտ են ձևավորում Հայաստանի ու Արցախի շուրջ, նպաստում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների լեգիտիմացմանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը իր հայտարարություններում և գործողություններում մշտապես հիմք է ընդունում արցախյան պայքարի հիմքում դրված գաղափարներն ու սկզբունքները, իսկ ինքնորոշման սկզբունքի իրացման և դրա միջազգային ճանաչման գործընթացը համարում է Արցախի հարցով տարվելիք բանակցությունների անկյունաքարը:

Կարևորելով Արցախի խորհրդարանի, խորհրդարանական խմբակցությունների հետ ակտիվ, արդյունավետ գործակցությունը, որի հիմքում տարբեր ձևաչափերով տասնամյակների աշխատանքային հսկայական փորձն է, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր խմբակցությունը, մեր քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, արել և անելու են առավելագույնը Արցախում ապրող մեր հայրենակիցների` սեփական օջախներում խաղաղ և անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու հարցում:

Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի և միջազգայնորեն ճանաչվի, այլընտրանքն Արցախի հայաթափումն ու ֆիզիկական սպառնալիքներն են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ