Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության։
«Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման եւ տաք ջրի հնարավորությունից։Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական եւ հավաքական իրավունքների հարցը։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր նաեւ 2022 թ․ մարտին՝ ավելի քան 20 օրով, Արցախի շրջափակման երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, ինչպես նաեւ հունվարի 17-ին։
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը միտումնավոր շարունակում է խոչընդոտել իր վերահսկողության տակ գտնվող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վերականգնման աշխատանքները, որը վթարվել էր հունվարի 9-ին։
Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի կազմակերպված եւ շարունակական շրջափակումը, ժողովրդի համար անտանելի կենսապայմանների ստեղծումը եւ հումանիտար աղետի խորացումը հետապնդում է մեկ նպատակ՝ ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ հայաթափելով Արցախը։
Այսպիսով Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական եւ հավաքական իրավունքների հարցը։
Այս համատեքստում միջազգային հանրության թե՛ անհատական, թե՛ հավաքական քայլերը պետք է ուղղված լինեն վաղ կանխարգելմանը:
Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը